Հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի, ինձ համար արժանանալ այս մրցանակին

«Այն, ինչ հիմա այստեղ կատարվում է, անհավատալի է, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի»։

Այս մասին Աբու Դաբիում ընթացող մրցանակաբաշխության ժամանակ ելույթի իր խոսքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին գրեթե 40 տարում երբեք չէիք տեսնի խաղաղություն, Հայաստան և Ադրբեջան բառերը միասին ու նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, կնշանակեին ինչ-որ անհավանական բան։

Ահա թե ինչու այն, ինչ որ տեղի է ունեցել 2025 թվականին և տեղի է ունենում հիմա, անհավանական է։

Սակայն այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ և արժանանալ այս պատվին:

Սա նաև միջազգային հանրության աջակցության դրսևորում է, որովհետև որոշումը կայացրել է Դատավորների կոմիտեն, որի կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր ծայրերից բարձր հարգանքի արժանացած անդամներ, և ես կցանկանայի երախտագիտությունս ու գնահատանքս հայտնել։ Հարգելի՛ ընկերներ, ձեր որոշումն անկասկած ամրապնդում է խաղաղությունը մեր տարածաշրջանում։

Անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կան հավատ, նվիրվածություն, տեսլական և իմաստություն: Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ պարագայում այն երբեք չի դադարեցվի՝ բերելով նորանոր տառապանքներ երկու երկրներին և ժողովուրդներին։

Չնայած մրցանակը պաշտոնապես հանձնվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, այն հիրավի մեր ժողովուրդների ձեռքբերումն է։ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները համարձակ քայլեր են ձեռնարկել, բայց մեր ժողովուրդների նոր ապագա ընտրելու պատրաստակամությունն է, որ իսկապես հնարավոր է դարձնում պատմական այս պահը»,- ասաց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ