Նոր կարգավորումներ ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային առևտրի իրականացման գործընթացում

Նախատեսվում է սահմանել էլեկտրոնային առևտրի ապրանքների հասկացությունը, էլեկտրոնային առևտրի ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ իրականացվող մաքսային գործառնությունների կարգի առանձնահատկությունները, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրերի պարզեցման ձևը և նմանատիպ այլ կարգավորումներ: Սա վերաբերում է երրորդ երկրների էլեկտրոնային առևտրին: «Մաքսային կարգավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զեկուցողը ներկայացրել է գործող ընթացակարգը, նշել, որ էլեկտրոնային առևտուրը ԵԱՏՄ-ն առանձնացնում է երկու մասի՝ ուղիղ մատակարարում ֆիզիկական անձին և համապատասխան տնտեսվարողների կողմից մատակարարում պահեստից: Նշվել է, որ ֆիզիկական անձին ուղիղ մատակարարման դեպքում մաքսատուրքերը վճարվում են ՀՀ բյուջե, իսկ մաքսային պահեստից առաքման դեպքում մաքսատուրքի վճարները, ինչպես մնացած ներմուծումների պարագայում, կգնան ընդհանուր ԵԱՏՄ բյուջե, և Հայաստանը կստանա իր մասնաբաժինը:

Համլետ Սահակյանի խոսքով՝ սահմանվում են մաքսային մարմին ներկայացման ժամանակ հայտարարագրում ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի ներկայացման դեպքերը: Էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումից հետո դրանց առևտրային նպատակներով օգտագործման դեպքում անձանց պատասխանատվություն է նախատեսվում սահմանել:

Սահմանվում է էլեկտրոնային առևտրի չպահանջված ապրանքների ԵԱՏՄ տարածքից արտահանման դեպքում դրանց փոխադրման կարգը, մաքսային պահեստներում գտնվող էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերումներից հետո դրանց՝ այդպիսի պահեստներից դուրսբերման և անձանց առաքման ժամանակ մաքսային մարմնին ծանուցման կարգը: Նախատեսվում է նաև ֆիզիկական անձանց իրացված և առաքված ապրանքների վերադարձի ու մաքսային պահեստներում տեղակայման նպատակներով մաքսային մարմնին ծանուցման կարգի, էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսային վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում մաքսային մարմինների կողմից տույժերի գանձման, ծանուցումների ուղարկման, բռնագանձման միջոցների սահմանում: ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ լրացուցիչ տուրքեր չեն սահմանվում, պարզապես հստակեցումներ են կատարվում:

Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել և արժանացել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ