![]()
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 4-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի առանցքում աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտներում կատարված բարեփոխումներն ու առաջիկա անելիքներն էին:
Բացելով քննարկումը՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է վերջին տարիներին սոցիալական պաշտպանության ոլորտում Կառավարության իրականացրած բարեփոխումներին՝ ընդգծելով դրանց բազմաշերտությունն ու ծավալայնությունը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումը, ամփոփ անդրադարձել իրականացված աշխատանքներին:
«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պորտֆելը շատ մեծ է, լայնածավալ: Պետական բյուջեում մեր հատկացումներն ամենամեծն են՝ հաշվի առնելով շահառու քաղաքացիների մեծաթիվ լինելը: Մեր շահառուները մեր բոլոր քաղաքացիներն են՝ իրենց կյանքի որեւէ փուլում, եւ դա չափազանցություն չէ: Մենք ունենք 660 հազարից ավելի նպաստառուներ եւ կենսաթոշակառուներ, որոնք պետական բյուջեից ստանում են իրենց նպաստները եւ կենսաթոշակները: Ունենք այլ ծառայություններից օգտվող տասնյակ հազարավոր քաղաքացիներ»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով կենսաթոշակների հարցին՝ Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ Կառավարությունն այդ հարցին վերջին տարիներին մոտենում է նորարարական գործիքներով, ինչը հետվճարն է: «660 հազարից ավելի մեր քաղաքացիները եւ որոշ այլ քաղաքացիներ, որոնք այլ տեսակի նպաստներ են ստանում, կարող են իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանալիս առեւտրի կետերից առեւտուր անել անկանխիկ եղանակով եւ ստանալ հետվճար, որը մինչ հունվարի 1-ը եղել է 12 տոկոս եւ մինչեւ 6000 դրամ, իսկ հունվարից դարձել է 20 տոկոս՝ մինչեւ 10.000 դրամ»,- պարզաբանել է Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով տեսանելի արդյունքներն այս հատվածում: Նախարարը հայտնել է, որ մինչեւ ապրիլ լուծվելու է այն քաղաքացիների հարցը, որոնք տեղաշարժվելու խնդիր ունեն: Այդ քաղաքացիների բանկային քարտերը «Հայփոստի» միջոցով կուղարկվեն նրանց բնակության վայրեր:
Արսեն Թորոսյանը ներկայացրել է նաեւ աշխատատեղերի աճը, նշել, որ ավելացել է նաեւ գրանցված աշխատողների թիվը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հարցրել է՝ որքա՞ն աշխատատեղ է ավելացել Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո, ինչին ի պատասխան՝ նախարարը հայտնել է, որ այդ թիվը 281 հազարից ավելի է, այսինքն՝ հեղափոխությունից հետո ավելացել է այդքան՝ մոտ 300 հազար աշխատատեղ: «Եթե ոմանք խոստանում են 300 հազար աշխատատեղ, մենք դա արել ենք, նույնիսկ առանց ասելու ենք արել»,-նկատել է նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանն էլ հետաքրքրվել է Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրով (16 միլիոնի ծրագիր)՝ հարցնելով, թե շարունակվելու է այդ ծրագիրը եւ որ գյուղերն են լինելու ծրագրում: Հայկ Կոնջորյանը եւս բարձրաձայնել է ֆեյսբուքյան օգտատերերի հետաքրքրվածությունն այդ ծրագրի հետ կապված: «Այդ ծրագրով արդեն ունենք 2 հազար 384 հաստատված դիմում: Ունենք համայնքներ, որտեղ կառուցվել է համարյա 300 տուն: Տավուշի մարզի Կողբ գյուղում կառուցվել է 280 տուն: Կարող ենք ասել, որ սա շատ հաջողված ծրագիր է»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ 3 խմբի համար առաջիկայում մտադրություն կա վերաբացել ծրագիրը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը բարձրաձայնել է քաղաքացիներին հետաքրքրող մեկ այլ հարց, որը վերաբերում էր ութժամյա աշխատաժամանակը կրճատելուն ուղղված Կառավարության նախագծին: «Այս պահին փոփոխություններ չունենք: Քանի որ շատ ենք խոսում աշխատելու մասին եւ աշխատանքով հարցեր լուծելու մասին, կարծում եմ՝ պետք է կենտրոնանանք աշխատելու, եւ ոչ թե չաշխատելու վրա»,- ասել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ թեեւ ՀՆԱ-ի կրկնակի աճ կա այժմ, բայց դեռ պետք է շատ աշխատել՝ հասնելու Արեւելյան Եվրոպայի, Արեւմտյան Եվրոպայի երկրների բարեկեցությանը, աշխատանքի արտադրողականության այնպիսի աճին, որը թույլ կտա մտածել այդպիսի ծրագրերի մասին:
![]()