Քաղցկեղի առնվազն 40-60% դեպքերը հնարավոր է կանխարգելել, բազմաթիվ տեսակներ վաղ փուլում՝ լիովին բուժել. նախարար

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի օրն է:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում օրվա խորհրդով գրառում է կատարել՝ նշելով, որ այս հիվանդության առնվազն 40-60%-ը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժել։

«Դրա հիմնական գործիքը սքրինինգն է։

Մենք ներդրել և ընդլայնում ենք սքրինինգային ծրագրերը՝ կանխելու՝

1. կրծքագեղձի քաղցկեղը,

2. արգանդի պարանոցի քաղցկեղը,

3. կոլոռեկտալ քաղցկեղը:

Սքրինինգային այս ծրագրերը գիտականորեն ապացուցված մեխանիզմներ են, որոնք ամբողջ աշխարհում նվազեցնում են քաղցկեղից մահացությունը։

Բայց քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարը չէր կարող ամբողջական լինել առանց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման։

Հետազոտման և բուժման այնպիսի ժամանակակից մեթոդներ, ինչպիսիք են ՊԵՏ/ԿՏ հետազոտումը, նորագույն սարքավորումներով ճառագայթային թերապիան, ռոբոտային վիրաբուժությունը և թանկարժեք արդիական դեղերի հասանելիությունը, այսօր իրականություն են Հայաստանի բնակչության համար:

Վերջին 5 տարվա վիճակագրությունը ցույց է տվել Հայաստանում քաղցկեղից մահացության նվազում 10%-ով:

2024 թվականի տվյալներով՝ առաջնային հայտնաբերված բուժառուների թվի 18.4%-ն են կազմում քաղցկեղի 4-րդ փուլ ունեցող բուժառուները, որը արդյունք է վերջին տարիներին կատարված ծրագրերի:

Համեմատության համար նշեմ, որ 2019 թվականին 4-րդ փուլով բուժառուների մասնաբաժինն ընդհանուր առաջնային հայտնաբերվածների մեջ կազմել է 30.1%:

Ավելին՝ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող բուժառուների 29%-ը հայտնաբերվել է տեղային տարածված և մետաստատիկ փուլերում: 2024 թվականի տվյալներով՝ տեղային տարածված և մետաստատիկ փուլերում հայտնաբերվածները 15.5% են կազմում»,- գրել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ