Ռեստորանում ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

COP17 համաժողովին ընդառաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու շրջակա միջավայրի կայուն զարգացման նպատակով հետևողականորեն շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի ստուգման գործընթացը։

Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

«Փետրվարի 3-ին տեսչական մարմնի ու «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման վայրից թույլտվություն չունենալու հիմքով վերցրել են 7 վայրի կենդանի, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված թռչուններ, մասնավորապես՝

լուսան՝ 1 առանձնյակ,
սպիտակագլուխ անգղ՝ 2 առանձնյակ (ՀՀ Կարմիր գիրք),
գեղանի կռունկ՝ 2 առանձնյակ (ՀՀ Կարմիր գիրք),
ալեքսանդրիայի թութակ՝ 1 առանձնյակ,
կռամեռի վզնոցակիր թութակ՝ 1 առանձնյակ։
«Կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի տակ։

Կոչ ենք անում ֆիզիկական և իրավաբանական անձանց զերծ մնալ վայրի կենդանիներ ապօրինի պահելուց։

Վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է բացառապես լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում»,- ասվում է հաղորդագրությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ