«Մեր ձևով»-ի «187 հազար ընտանիք՝ առանց եկամտի» պնդումը մանիպուլյատիվ է

«Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջում ակտիվորեն տարածվում է արհեստական բանականության միջոցով գեներացված մի տեսանյութ, որտեղ որպես փաստ ներկայացվում է, թե Հայաստանում 187 հազար ընտանիք ապրում է առանց եկամտի աղբյուրի։

«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է այս պնդման հետքերով՝ պարզելու դրա ճշմարտացիությունն ու օբյեկտիվությունը։

Տեսանյութում չի նշվում, թե ինչ աղբյուրների վրա է հիմնված պնդումը։ Ուստի ստուգման համար նախ հիմք ենք ընդունել Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած ամենաթարմ պաշտոնական տվյալները։

Ի՞նչ են ասում պաշտոնական տվյալները
Ըստ «Աղքատության պատկերը Հայաստանում, 2024» զեկույցի՝ (հրապարակվել է 28․11․2025-ին) Հայաստանում

ծայրահեղ աղքատ է համարվում բնակչության 0․6 տոկոսը,
աղքատ՝ 21․7 տոկոսը։

Վիճակագրական կոմիտեն աղքատության ցուցանիշները ներկայացրել է նաև նյութական աղքատության մոտեցմամբ՝ ըստ մեկ անձի հաշվով ամսական միջին սպառման չափի՝ հիմք ընդունելով տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության արդյունքները։

Ըստ այդմ՝

բնակչության 0․6 տոկոսի ամսական միջին սպառումը չի գերազանցել 29 196 դրամը (պարենային կամ ծայրահեղ աղքատության գիծ),
8․4 տոկոսի դեպքում՝ 42 680 դրամը,
21․7 տոկոսի դեպքում՝ 53 420 դրամը,
40․2 տոկոսի դեպքում՝ 64 162 դրամը։

Քանի՞ մարդ է իրականում 0․6%-ը
Այս տվյալներից երևում է, որ ամենածանր սոցիալական վիճակում գտնվող խումբը կազմում է բնակչության 0․6 տոկոսը։

2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է շուրջ 3․076 000 մարդ, իսկ նշված 0․6 տոկոսը վերաբերում է մոտ 18 500 մարդու։

Եվ թեև այս դեպքում խոսքը մեկ անձին բաժին ընկնող ամսական միջին սպառման մասին է, ոչ թե եկամուտների, Հայաստանի վիճակագրական կոմիտեն ընդգծում է, որ «միջազգային փորձից ելնելով՝ ընդունված է, որ սպառումը եկամտի համեմատ ավելի ճշգրիտ տեղեկություն է ներկայացնում»։

Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե, «Աղքատության պատկերը Հայաստանում, 2024»։
Ընդ որում, այս թիվը վերաբերում է անձերի, ոչ թե ընտանիքների։

Ի՞նչ ցուցանիշներ են դրված «Մեր ձևովի» պնդման հիմքում․ շարժման պատասխանը
Թեման համակողմանի ներկայացնելու համար FIP.am-ը «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանին խնդրել էր տրամադրել այն աղբյուրները, որոնք հիմք են ընդունվել վերոնշյալ՝ «Հայաստանում 187 000 ընտանիք ապրում է առանց եկամտի աղբյուրի» հայտարարությունը ձևակերպելու համար։

Շարժման ներկայացուցչի տրամադրած տեղեկության համաձայն՝ հաշվի է առնվել երեք ցուցանիշ․

«1․ 2024 թվականի եռամսյակների միջինացված տվյալներով՝ Հայաստանում կա 187 900 գործազուրկ, այդ թվում՝
I եռամսյակ — 204 000,
II եռամսյակ — 190 000,
III եռամսյակ — 185 600,
IV եռամսյակ — 171 700։

2․ Աղքատ ընտանիքների կշիռը կազմում է 21.7% (192 500 ընտանիք)։

3․ Ըստ տնային տնտեսությունների կենսամակարդակի (կենսապայմանների) ամբողջացված հետազոտության անվանազերծված միկրոտվյալների բազայի (ըստ տնային տնտեսությունների)՝ 2024 թվականին 273 950 մարդ չունի աշխատանքային եկամուտ»։

FIP.am-ի լրացուցիչ ուսումնասիրության եզրահանգումները
1-ին կետի մասով՝ պաշտոնական տվյալներով՝ գործազուրկների միջինացված թիվը տարեկան կտրվածքով, իսկապես, շուրջ 187 000 է։ Այս թիվը համընկնում է շարժման հրապարակած պնդման մեջ ներկայացված թվի հետ, սակայն, պաշտոնական վիճակագրությունը՝ գործազուրկների թվի, ոչ թե «առանց եկամտի աղբյուրի» ընտանիքների մասին է։

2-րդ կետի մասով շարժումն ըստ էության հաշվարկել է, թե թվաբանորեն քանի անձ կամ ընտանիք է ներառում աղքատության մակարդակի 21.7%-ը։ Այն բնակչության և ընտանիքների միջինացված թվի հետ համադրելու պարագայում ստացվում է շուրջ 667 492 անձ կամ 190 712 ընտանիք (Հայաստանի վիճակագրական կոմիտեի օգտագործած մոտեցմամբ մեկ ընտանիքի հաշվով միջինում հաշվարկվում է 3․5 անդամ)։

Սակայն այստեղ կա մի կարևոր նրբություն․ աղքատության 21.7%-ից

13.3%-ը, ըստ Վիճակագրական կոմիտեի, մեկ անձի հաշվով ամսական ծախսում է 42 680 — 53 420 դրամ,
7.8%-ը՝ 29 196 — 42 680 դրամ,
միայն 0.6%-ը՝ մինչև 29 196 դրամ։
Եվ ինչպես ՀՀ վիճակագրական կոմիտեն է նշում, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, «միջազգային փորձից ելնելով՝ ընդունված է, որ սպառումը եկամտի համեմատ ավելի ճշգրիտ տեղեկություն է ներկայացնում»։ Այսինքն՝ նշված չափերի գումարի սպառումն ինքնաբերաբար նշանակում է, որ տվյալ ընտանիքն ունի այս կամ այն տիպի եկամուտ։

Ինչ վերաբերում է «Մեր ձևովի» երրորդ փաստարկին, ըստ որի՝ շուրջ 273 000 մարդ չունի աշխատանքային եկամուտ, ապա այն որևէ կերպ չի հիմնավորում շարժման հրապարակային հայտարարությունը, քանի որ հանրայնորեն ներկայացված ձևակերպումը՝ «Հայաստանում 187 000 ընտանիք ապրում է առանց եկամտի աղբյուրի», ընդհանրական է և կենտրոնացած չէ եկամտի որևէ (հեղ-այս դեպքում՝ աշխատանքային) առանձին տեսակի վրա։

Այսպիսով, «Մեր ձևով» շարժման տարածած հայտարարությունը, թե «Հայաստանում 187 000 ընտանիք ապրում է առանց եկամտի աղբյուրի», չի հաստատվում պաշտոնական վիճակագրական տվյալներով։

Շարժման կողմից ներկայացված երեք ցուցանիշներից ոչ մեկը չի հիմնավորում, որ Հայաստանում 187 000 ընտանիք ապրում է առանց եկամտի աղբյուրի։

Հետևաբար, «Մեր ձևով»-ի տարածած հայտարարությունը չի համապատասխանում պաշտոնական տվյալներին, իսկ հանրությանը ներկայացված «187 000 ընտանիք առանց եկամտի աղբյուրի» ձևակերպումը մանիպուլյատիվ է։

Գայանե Մարկոսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ