2025-ի չորրորդ եռամսյակում գնաճը դանդաղել է, դեկտեմբերին կազմել 3.3 տոկոս, տնտեսական ակտիվությունն արագացել է

Հայաստանում նախորդ տարվա չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը դանդաղել է՝ դեկտեմբերին կազմելով 3.3 տոկոս, այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 4․3 տոկոս:

Այս մասին ասուլիսում հայտնել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ԿԲ խորհրդի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ՝ 6.5 տոկոս թողնելու որոշումը:

«2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա թուլացման ռիսկերը պահպանվում են։ ԱՄՆ-ում սպառման աճի բարձր տեմպը շարունակում է նպաստել հարաբերականորեն բարձր տնտեսական աճի և գնաճային միջավայրի ձևավորմանը: Այդուհանդերձ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները՝ կապված տեխնոլոգիական ոլորտի զարգացումների հետ, ինչպես նաև ֆինանսական ակտիվների գների հնարավոր, հետագա ճշգրտման և աշխատաշուկայի պայմանների թուլացման ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարի վրա: ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությունից բխող մակրոտնտեսական ազդեցությունները որոշակիորեն թուլացել են, այդուհանդերձ, այն շարունակում է մնալ անորոշության հիմնական աղբյուրներից մեկը: Միջնաժամկետում, ԱՄՆ-ի պետական պարտքի ակնկալվող մեծացման պայմաններում երկարաժամկետ տոկոսադրույքների շուրջ անորոշությունը պահպանվում է: Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերն աստիճանաբար առարկայանում են: Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, իսկ պարենի համաշխարհային շուկաներից վերջին ամիսներին հիմնականում գնանկումային ազդեցություններ են փոխանցվում։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական անորոշությունները և միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը շարունակում են համաշխարհային տնտեսությունում գների բարձր տատանողականության աղբյուր հանդիսանալ: Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ գնաճային միջավայրի պահպանման ռիսկերը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային պայմանները»,- ասել է ԿԲ նախագահը:

Նրա խոսքով՝ 2025 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է: Բարձր տնտեսական ակտիվությանը շարունակել է նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը, ինչպես նաև մշակող արդյունաբերության ոլորտում որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային գործոնների դերակատարությունը: Պահանջարկի ընթացիկ պայմանների, ինչպես նաև դրա հետագա միտումների վերաբերյալ բարձր անորոշությունը պահպանվում է:

«Այս իրավիճակում, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումները մասամբ պայմանավորված են որոշ առաջարկի գործոններով: Զուգահեռաբար՝ մասնավոր աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել կայունացման միտումներ: Կարճաժամկետ հորիզոնում առկա են հարկաբյուջետային քաղաքականության կողմից ներքին պահանջարկի ընդլայնման ռիսկեր: Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%»,-մանրամասնել է Գալստյանը:

Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ ԿԲ խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ինչպես նաև ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի։ Մյուս կողմից՝ խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ ներառյալ համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի և ՀՀ տնտեսությունում թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ու խորացման վերաբերյալ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքների ուղի: Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է շուկայի սպասումներին համահունչ անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։

Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ