![]()
Հունվարի 27-ին՝ հայրենիքի համար զոհվածների հիշատակի և խոնարհումի օրը Կտրիճ Ներսիսյանը ապօրինի և հակականոնական կերպով կարգալույծ հռչակեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպս. Սարոյանին։ Իր մանր եսին հատուկ փոքրոգությամբ Կտրիճ Ներսիսյանը վրեժխնդրության սույն ակտը փաթեթավորեց Գերագույն հոգևոր խորհուրդ կոչվող ֆարսի վճռով։ Օրենքն ու արդար հատուցման անխուսափելիությունը չհապաղեցին, սույն ապօրինության առթիվ կտրիճի հանցակիցները հրավիրվեցին հարցաքննության և ստացան շատ հստակ կարգավիճակ։
Կա մի հին, արատավոր բայց դեռևս գործող մեխանիզմ, որով մանր ու միջին չափի բռնապետիկները փորձում են օրինականություն հաղորդել իրենց հանցավոր գործողություններին, նախօրոք ապահովելով «բոլորի համաձայնությունը»։ Սրիկայաբար կորզվող համաձայնության մեխանիզմն իրականում ճնշում է ենթակաների վրա նրանց նույնպես ներքաշելով հանցավոր համաձայնության մեջ։ Թղթի վրա՝ կոլեգիալ որոշում, իրականում՝ մեկ մարդու կամք, պարտադրված բոլորին։
Վեհարանում և աշխարհասփյուռ թեմերում ունեցած մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ Կտրիճը գործարկել է методичкаներով իրեն փոխանցված հետևյալ սցենարը։ Մինչ Գևորգ սրբազանի կարգալուծության հակականոնական գործընթացի պաշտոնական մեկնարկը, օգտագործելով իր գավազանակիր Եսայի աբեղայի հեռախոսը, Թելեգրամ հավելվածի միջոցով զանգահարել է Մայր Աթոռի բոլոր պաշտոնավարող եպիսկոպոսներին, ներառյալ զույգ պատրիարքներին և կրկնել նույն տեքստը «բոլոր եպիսկոպոսներն առաջարկել են Գևորգ սրբազանին կարգալույծ անել, Դուք էլ ասեք Ձեր կարծիքը»։ Նման հանճարեղ սրիկայությամբ կտրիճ ներսիսյանը կորզել է, բոլոր այն եպիսկոպոսների հանցակցությունը ում հետ, որ խոսել է։ Հետո արդեն ԳՀԽ նիստի ժամանակ էլ խաբեությամբ եպիսկոպոսներից կորզված հանցակցությունը հանձնել է ԳՀԽ անդամների ուշադրությանը և արդեն նրանցից կորզել հերթական ապօրինի ու հրեշավոր վճիռը։
Այս դրվագը, որքան էլ ողբերգական, բացահայտում է մի մեխանիզմ, որը հակականոնական է ոչ միայն իր արդյունքով, այլև իր «մեթոդաբանությամբ» իսկ։
Եկեղեցական Կանոնը չի հրահանգում «նախ վճիռը պատրաստել հետո ատյանը բեմադրել»։
Եկեղեցական իրավունքի հիմքում ոչ թե պատժելու լիազօրությունն է, այլ արդար, թափանցիկ ու անկողմնակալ քննությունը։ Չկա, որևէ եկեղեցական կանոն որին հղում կատարելով կտրիճ ներսիսյանը կամ մյուս եպիսկոպոսները, կարողանան արդարացնել իրենց անիրավ և ոչ օրինաչափ գործողությունները։ Կարգալուծությունը չի կարող լինել հեռախոսային հարցման արդյունք։ Այն չի կարող կորզվել «բոլորը համաձայն են» սուտ պնդման տակ թաքցված մանիպուլյացիայով։
Այստեղ խախտված են հիմնարար սկզբունքներ.
Եպիսկոպոսների համաձայնությունը որևէ հարցի շուրջ, հատկապես իրենց եղբորը առանձնակի դաժանությամբ պատժելու հարցում, ենթադրում է ազատ ու թափանցիկ, համակողմանի ու ոչ կանխակալ քննարկում, արդարության առաջ չմեղանչելու սկզբունքի խստիվ պահպանմամբ և ոչ թե արդեն իսկ կայացված որոշմանն այո կամ ոչ ասելը։
Երբ զանգի սկզբում Կտրիճն ասում է «բոլորը համաձայն են», բռնանում է եպիսկոպոսի խղճի և ազատ կամարտահայտության սկզբունքի վրա։ Բոլորի համաձայն լինելը, փաստարկ չէ, ավելին որևէ եկեղեցական կանոնով չհիմնավորվող արարք է, հոգեբանական բռնություն։ Ինչպես անցնող 26 տարիներին այնպես էլ այսօր կտրիճը գործում է ստվերում և չկա որևէ թափանցիկություն։ Ոչ մի կանոնական դատ չի կարող սկսվել գաղտնի հեռախոսազանգերով, նման գործելակերպն արդարացնող որևէ եկեղեցական կանոնի վրա նույնպես հնարավոր չէ հղում կատարել։
Այն պահից, երբ համաձայնությունը կորզվում է, խաբեությամբ և սպառնալիքով, այլ ոչ թե ձևավորվում թափանցիկ քննարկումների արդյունքում, «պատժական գործընթացը» կորցնում է ոչ միայն իր լեգիտիմությունը այլ նաև ցույց է տալիս բեմադրված ֆարսի բոլոր մասնակիցների բարոյական սնանկությունը։
«Բոլորը համաձայն են» արտահայտությունն ինքնին վախի ու սարսափի մթնոլորտում իշխող բռնապետի խոսույթ է և հարիր չէ եկեղեցապետին։ Այն չի տեղեկացնում, այլ պարտադրում է, ասելով. «դու մենակ ես, եթե չհամաձայնվես»։ Սա խորհրդակցություն չէ, նման խոսույթով բռնապետն աքցանի մեջ է առնում ենթակային, հոգեբանական շրջափակում ենթարկում։ Կտրիճը դիմում է այս խոսույթին և գործում նման ձևով որովհետև վախենում է բաց քննարկումից և փաստարկված խոսքից։
Իսկ ուրիշի հեռախոսից զանգեր կատարելը արդեն իսկ խոստովանություն է սեփական թշվառության և վախերի մասին։ Դա նշանակում է, որ գործը գիտակցաբար արվում է ստվերում։ Կտրիճը նույնիսկ վստահ չէ, որ եթե իր հեռախոսով զանգի եպիսկոպոսները կպատասխանեն զանգերին թե ոչ։ Ստվերում կայացված ամեն որոշում, անգամ եթե «թղթերով ճիշտ է», փաթեթավորմամբ է ներկայացվում, արդեն իսկ ապօրինի ու հակականոնական է։
Եկեղեցին, որը հրաժարվում է արդար դատից հանուն բռնապետի փափագած արագ արդյունքի, արդեն կորցրել է իր բարոյական հեղինակությունը և շեղվել իր առաքելությունից։ Սա գիտակցում է ողջ հոգևոր դասը, բայց ցավոք նրանք կամ լռում են վախից կամ գերադասում են սեփական շահը։ Երբ եկեղեցական իշխանությունը սկսում է վախենալ հարցերից, նշանակում է՝ ինքն այլևս վստահ չէ իր իրավացիության և արդարության մեջ։
![]()