«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը «Կրթվելը նորաձև է» ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում մեկնարկում է կիբեռանվտանգության ոլորտում վերապատրաստման դասընթաց՝ համագործակցելով Global IT Academy-ի հետ։

«Նոր ծրագրի մեկնարկի գաղափարը ձևավորվել է հիմնադրամին ուղղված դիմումների արդյունքում․ առաջին դիմողներից Վահագն Գյոզալյանն ու 44-օրյա պատերազմի մասնակից Սմբատ Գալստյանը հիմնադրամին դիմել էին խնդրանքով՝ աջակցելու իրենց կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու հարցում։ Ստանալով այս դիմումը և հաշվի առնելով ոլորտի աճող պահանջարկը՝ հիմնադրամը որոշում է կայացրել ընդլայնել հնարավորությունները և ծրագրին ներգրավել ավելի մեծ թվով շահառուներ։

Դասընթացն իրականացվելու է Global IT Academy-ի հետ համագործակցությամբ և նպատակ ունի մասնակիցներին զինել արդի, գործնական և կիրառելի գիտելիքներով կիբեռանվտանգության ոլորտում։ Բազային դասընթացի տևողությունը 6 ամիս է, որը հաջողությամբ անցնելուց հետո բոլոր ցանկացողները կկարողանան շարունակել և խորացնել իրենց գիտելիքները: Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://globalitacademy.am/cybersecurity։

Դասընթացը նախատեսված է 20 մասնակցի համար։ Հայտերի ընդունումը բաց է, և առաջին 18 հայտ լրացնողները կմիանան մեզ առաջինը դիմած երկու մասնակիցներին։ Տեղեկացնում ենք նաև, որ շահառուների նախատեսված լրանալուն պես հայտերի ընդունումը կփակվի։

Ծրագիրը իրականացվելու է համաֆինանսավորմամբ․ խմբային դասընթացների յուրաքանչյուր մասնակցի ամսական վճարը կազմում է 50 հազար ՀՀ դրամ, որից 80%-ը՝ 40 հազար դրամը, հոգալու է «Իմ քայլը» հիմնադրամը, 20%-ը՝ 10 հազար դրամը, վճարելու է մասնակիցը։

Կիբեռանվտանգության ոլորտի ընտրությունը պայմանավորված է թվային աշխարհի արագ զարգացմամբ, տվյալների պաշտպանության աճող կարևորությամբ և մասնագիտական մեծ պահանջարկով ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային շուկայում։ Հիմնադրամը կարևորում է այն մասնագիտությունները, որոնք կարող են ապահովել երկարաժամկետ զբաղվածություն, վերաորակավորման հնարավորություն ևմրցունակություն արագ փոփոխվող աշխարհում։

Դիմելու և ծրագրին մասնակցելու համար պետք է պարզապես լրացնել հետևյալ հայտը՝ https://forms.gle/csCqdUwboJkDhDHf9»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ