Անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարները կնվազեցվեն

Հայաստանի կենտրոնական բանկը որոշել է փոփոխել ու նվազեցնել անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարների չափերը: Ասուլիսի ժամանակ անդրադառնալով բարձրաձայնված մտահոգությանը, որ 1-4 տոկոս միջնորդավճարները խոչընդոտում են անկանխիկ առևտրի անցնելուն, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասաց՝ բազում ազդակներ են ստանում, որ դա կարող է լինել այն խնդիրներից մեկը, որը տնտեսվարողներին որոշակիորեն խոչընդոտում է:

«Մենք նաև նայել ենք, թե որոշակի երկրներում որքան են այդ միջնորդավճարները: Չէի ասի, թե Հայաստանում դրանք էականորեն տարբերվում են միջազգային պրակտիկայից կամ բարձր են, բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով մեր դիրքորոշումը՝ անկանխիկը խթանելու տեսանկյունից մենք որոշակի սահմանափակումներ ենք դրել։ Անցյալ շաբաթվա վերջին ԿԲ խորհուրդն այս հարցի հետ կապված որոշում է կայացրել: Մեր դիտարկումներով՝ այժմ կախված քարտի տեսակից՝ տնտեսվարողների մոտ կա միջինում 0.9-1.8 տոկոս ծախս, որը կապված է այն ներդրումների հետ, որ արել են բանկերը՝ POS տերմինալների, տերմինալների հետ կապված լիցենզիաների ձեռքբերման հետ կապված: Մեր որոշմամբ՝ այս սահմանափակումները մարտի 1-ից կլինեն 0.5 տոկոս՝ Arca քարտերի համար, 0.9 տոկոս՝ միջազգային քարտերի համար: Visa-ն ու Master Card-ն ունեն իրենց սպասարկման վճարները, որը բացարձակ կապ չունի բանկային համակարգի կողմից գանձվող միջնորդավճարների հետ»,- ասաց ԿԲ նախագահը:

ԿԲ հաշվարկներով՝ այս որոշման արդյունքում բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ: Ըստ նրա՝ կայացրած որոշումը կլուծի տնտեսվարողների հարցը: ԿԲ նախագահի կարծիքով՝ հետագա վիճակագրությունը ցույց կտա՝ անկանխիկ առևտրի համար խոչընդոտը միջնորդավճա՞րն էր, թե՞ այլ հարցեր կային:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ