![]()
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է՝ երբ և ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը:
«1. 2025թ. դեկտեմբերի աշխատավարձի փոփոխությունը ապահովագրության համակարգի շահառուի Ձեր կարգավիճակի փոփոխության հիմք չէ:
Այսինքն՝ եթե նոյեմբերին ձեր աշխատավարձը եղել է մինչև 200 հազար դրամ, ուստի ապահովագրության համակարգում ներառված չէիք, իսկ դեկտեմբերին հավելավճարներով Ձեր եկամուտը ավելին է կազմել, Դուք շարունակում եք պահել ապահովագրության շահառու չլինելու Ձեր կարգավիճակը:
Եթե Ձեր աշխատավարձը 2026թ. հունվարին կազմել է 200001 դրամից ավելի, ապա փետրվարի եկամտահարկի հաշվետվությամբ մենք դա կտեսնենք, մարտին դրա համար կառաջանա ապահովագրության գումարը վճարելու պարտավորություն, և դրա վճարման մասին տվյալը ստանալուց հետո՝ ապրիլի 1-ից, կակտիվանա Ձեր կարգավիճակը:
2. Եթե Ձեր 65 տարին լրանում է հունվարին, կամ ստանում եք որևէ կարգավիճակ, որը օրենքով հնարավորություն է տալիս պետության կողմից ապահովագրվելու (օրինակ՝ հաշմանդամության կարգ), ապա փետրվարի 1-ին մենք, հաշվի առնելով հունվարին տեղի ունեցած Ձեր կարգավիճակի փոփոխությունը, պետության կողմից ապահովագրավճարը վճարելու համար ներկայացնում ենք Ձեր տվյալները, և մարտի 1-ից Ձեր ապահովագրության փաթեթը ակտիվանում է:
3. Եթե ձեր կարգավիճակը փոխվել է այնպես, որ այլևս պետության կողմից ապահովագրված անձ չեք (օրինակ՝ լրանում է Ձեր 18 տարին), ապա ապահովագրվածի Ձեր կարգավիճակը կդադարի 18 տարեկանը լրանալու օրվան հաջորդող ամսի 1-ից:
Ռեզիդենտության պայմանի փոփոխության կամ հաշմանդամության կարգի փոփոխության դեպքում այս մասին վկայող Ձեր տվյալը փոփոխվում է տվյալ ամսին հաջորդող ամսի 1-ին, և չվճարողի կարգավիճակը կորցնում եք այդ ամսաթվից»,- գրել է նախարարը:
![]()