Սուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ

Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը:

Կայքի տեղեկություններով՝ Սիսիանի համայնքային ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արեն Գ․-ն, 38-ամյա Ազնիվ Պ․-ն, 11-ամյա Մ․ Գ․-ն, 7-ամյա Ա․ Գ․-ն և 7 ամսական Ա․ Գ․-ն։

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի 27-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Ազնիվ Պ․-ն, Արեն Գ․-ն, Մ․ Գ․-ն կերել են տանը պատրաստված մթերքներ և ժամկետն անց թթվասեր, իսկ ընտանիքի մյուս անդամները՝ 7-ամյա Ա․ Գ․-ն և 7 ամսական Ա․ Գ․-ն, թթվասեր չեն օգտագործել։

Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ