![]()
Հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանում գործազրկության տենդենցներին, հռետորական հարց է ուղղել լրագրողներին, ապա ինքն էլ պատասխանել.
«Ձեր կարծիքով՝ որքա՞ն է եղել գործազրկությունը 2007 թվականի վերջին։ Չգիտե՞ք։ 7․1 տոկոս։ Հիմա գործազրկությունը 14 տոկոս է․․․»։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է երկրորդ նախագահի հնչեցրած թվային ցուցանիշները՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համատեքստում։
Նախ հարկ է նշել, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն գործազրկության վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է հաշվարկման երկու մեթոդաբանությամբ․
Հայաստանի տնային տնտեսություններում իրականացված հետազոտությունների հիման վրա՝ համաձայն Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից ընդունված չափանիշների,
ըստ օրենքով սահմանված կարգի պաշտոնապես գրանցված գործազուրկների, որի տվյալների աղբյուրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն է։
1․ ԱՄԿ մեթոդաբանությամբ գործազրկության մակարդակի համեմատություն
Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված Հայաստանի վիճակագրական ամենաթարմ տարեգիրքը թվագրված է 2025 թվական և ներկայացնում է 2024 թվականի տարեկան արդյունքները։ Տարեգրքում աշխատուժի հետազոտության արդյունքներով աշխատանքի շուկայում բնակչության մասնակցությանը վերաբերող տվյալները ներկայացված են 15-74 տարեկան (ներառյալ) բնակչության կտրվածքով։
Ըստ այդմ՝ Հայաստանում գործազրկության մակարդակը 2024 թվականին կազմել է 13․4 %։
Նախորդ տարիներին այս ցուցանիշը եղել է՝
2023 թ․ — 12․4 %
2022 թ․ — 13․5 %
2021 թ․ — 15․5 %
2020 թ․ — 18․2 %
2019 թ․ — 18․3 %
2018 թ․ — 19 %։

Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով գործազրկության մակարդակին և համադրելով այն ներկայիս ցուցանիշների հետ, որպես համեմատության հիմք նշում է 2007 թվականին արձանագրված 7․1% ցուցանիշը՝ չբացահայտելով մի կարևոր հանգամանք․ նախկին նախագահի հնչեցրած 7․1%-ը վերաբերում է Վիճակագրական կոմիտեի կիրառած երկրորդ մեթոդաբանությանը, որին կանդրադառնանք ստորև։
Մինչդեռ ԱՄԿ մեթոդաբանությամբ հաշվարկված տվյալների համաձայն՝ 2007 թվականին գործազրկության մակարդակը կազմել է 28․4 տոկոս։

Ի դեպ, 2025 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով ԱՄԿ մեթոդաբանությամբ տնային տնտեսություններում իականացված հետազոտության արդյունքներով՝ գործազրկության մակարդակը եղել է 11․8 %՝ 2024-ի նույն ժամանակահատվածի 13․3-ի դիմաց։

2․ Պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակի համեմատություն
Նույն վերոնշյալ աղյուսակի համաձայն՝ պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը 2007 թվականին կազմել է 7 %։
2024 թվականին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 37 572 մարդ, ինչը հաշվարկված 1 357 300 հոգանոց աշխատուժի 2․76 տոկոսն է։
Նախորդ տարիներին պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը եղել է՝
2023 թ․ — 3․4 %
2022 թ․ — 3․7 %
2021 թ․ — 4․5 %
2020 թ․ — 4․7 %
2019 թ․ — 4․68 %
2018 թ․ — 4․99 %։
Այսպիսով, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հնչեցված պնդումները գործազրկության մակարդակի վերաբերյալ հիմնված են տարբեր մեթոդաբանություններով հաշվարկված ցուցանիշների ընտրովի համադրման վրա և չեն արտացոլում վիճակագրական ամբողջական պատկերը։
Մասնավորապես, 2007 թվականին նշված 7․1 % գործազրկության ցուցանիշը վերաբերում է պաշտոնապես գրանցված գործազուրկների հաշվարկման մեթոդաբանությանը, մինչդեռ նույն տարվա ԱՄԿ չափանիշներով հաշվարկված գործազրկության մակարդակը կազմել է 28․4 %։
2024 թվականին այդ նույն ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 2․7 և 13․4 %, այսինքն՝ երկու մեթոդաբանություններով հաշվարկված գործազրկության մակարդակներն էլ 2007 թվականի համեմատ նվազել են։
Հ․Գ․ Գործազրկության վիճակագրության հաշվարկման մեթոդաբանությունը տարիների ընթացքում մի քանի անգամ փոփոխվել է, ինչի արդյունքում ներկայացված ցուցանիշները կարող են պարունակել որոշակի շեղում։ Այդուհանդերձ, 2000-ականների սկզբից Հայաստանի վիճակագրական կոմիտեն գործազրկության հաշվարկման համար կիրառում է վերոնշյալ երկու մեթոդաբանությունները, ինչը հնարավորություն է տալիս տվյալները համադրել միայն նույն մեթոդաբանական շրջանակում։
![]()