![]()
Քննչական կոմիտեն երեկ հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ։ Խոսելով իր նկատմամբ Կտրիճ Ներսիսյանի կատարած գործողությունների մասին՝ սրբազանն ասաց. «Ինքը, որ մեզ կոչ է անում վերադառնալ կանոնական դաշտ, առաջինն ինքը կարիք ունի վերադառնալու կանոնական դաշտ, և նա որոշել է ինձ ազատել իմ զբաղեցրած պաշտոնից, որին հետևեց հայցով դատարան ներկայանալու իմ գործողությունը, քանի որ Մայր Աթոռը կառավարվում է կամայականորեն և դարձել է խաղալիք որոշ «հայրենասեր և պետականամետ» ընդդիմադիր ուժերի, գործիչների ձեռքին, որոնք խնդիր չունեն ո՛չ սրբապղծության, ո՛չ հայ եկեղեցին օտար շահերին ծառայեցնելու հետ։ Բոլոր նրանք՝ այն լրագրողները, խմբագիրները, քաղաքական, կուսակցական այն գործիչները, որոնք պաշտպանում են կաթողիկոսի էս ընթացքը, իրենք ոչ խնդիր ունեն սրբապղծության հետ, ոչ էլ պետական դավաճանության հետ, և թող հիշեն, որ դրա կիսողներն են բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են իրեն։ Սա ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում»,- ասաց սրբազանը։
Նրա խոսքով՝ քանի որ ներեկեղեցական ատյաններում սպառված է իրավունքի պաշտպանությունը, որովհետև կամայականորեն կառավարվող ատյաններ են, նույնիսկ տեքստերը նախօրոք պատրաստում են, թե ինչ պիտի ստորագրվի, ինչ որոշում պիտի կայացվի, ըստ այդմ ասում են՝ ահա, սա հայ եկեղեցու թշնամի է, ում պետք եղավ կթշնամացնեն հայ եկեղեցուն և կդնեն «կգլխատեն»։
«Ես իմ իրավունքը պաշտպանելու համար դիմեցի դատարան, ոնց որ ընդունված է աշխարհով մեկ, որովհետև ապօրինի էր այն հարցը, որում ինձ մեղադրում են, և լրիվ շինծու էր։ Եվ դատարանը որոշում կայացրեց, որ պիտի իմ իրավունքները վերականգնի և հղում արեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությանը, որը գրանցված է արդարադատության նախարարության կողմից, իսկ կանոնադրությունը հիմնված է Սուրբ գրքի և Կանոնագիրք Հայոցի վրա։ Մինչդեռ կաթողիկոսի կամայական որոշումով անտեսվել էր և՛ Սուրբ գիրքը, և՛ Կանոնագիրք Հայոցը»,- նշեց սրբազանը։
Սրբազանը նաև ասաց, որ հունվարի 27-ին՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը, որոշել էին իրեն էլ զոհել, ու հրապարակվեց իրեն կարգալույծ անելու որոշումը։
«Սա միջազգային սկանդալ է, երբ կաթողիկոսն իրեն արդարադատությունից վեր է դասում։ Կներեք, դուք սպառել եք իրավունք և արդարություն ապահովելու միջոցները, հնարավորությունները, ես դիմում եմ դատարան. Պողոս առաքյալն էլ է ժամանակին օգտվել դատարանից, երբ հրեա քահանայապետը և գլխավորները որոշեցին Պողոսի նկատմամբ մեղադրանք ներկայացնել»,- հավելեց սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում
![]()