![]()
Ռոբերտ Քոչարյանի հերթական ասուլիսը հերթական անգամ ապացուցեց, որ նրա քաղաքական օրակարգը վաղուց դադարել է կապ ունենալ Հայաստանի պետական շահի հետ։ Հանրությանը ներկայացվածը ոչ թե Հայաստանի ապագայի մասին մտածող գործչի խոսք էր, այլ Ռուսաստանի շահերը սպասարկող հերթական քարոզիչի գանգատը՝ ուղղված սեփական պետության դեմ։
Քոչարյանը կրկին փորձեց ներկայացնել Հայաստանը որպես մեղավոր կողմ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած խնդիրների համար։ Այս մոտեցումը ոչ միայն վտանգավոր է, այլև նվաստացուցիչ։ Այն ենթադրում է, որ Հայաստանը չունի ինքնուրույն քաղաքական կամք և պարտավոր է մշտապես հաշվետու լինել Մոսկվային՝ անկախ սեփական անվտանգությունից, արժանապատվությունից ու ազգային շահերից։
Երբ նախկին նախագահը փաստացի արդարացնում է արտաքին ճնշումները և մեղադրում է սեփական իշխանություններին «չհնազանդվելու» համար, դա արդեն քաղաքական դիրքորոշում չէ, այլ գաղափարական ստրկություն։
Քոչարյանի խոսքում ամեն ինչ ծանոթ էր։ Նույն հին թեզերը, նույն վախերի վրա խաղալը, նույն սպառնալիքների լեզուն։
Երբ նա «վտանգավոր» է որակում «TRIPP» նախագիծը, առանց հանրությանը հստակ բացատրելու, թե ինչո՞ւ և ո՞ւմ համար է այն վտանգավոր, ակնհայտ է դառնում, որ վտանգը ոչ թե Հայաստանին է սպառնում, այլ այն համակարգին, որի գոյությունը հնարավոր է միայն մեկ կենտրոնից թելադրվող քաղաքականությամբ։ Այդ համակարգի համար՝ Հայաստանի բազմավեկտոր, ինքնուրույն արտաքին քաղաքականությունը միշտ «վտանգավոր» է եղել։
Ասուլիսի ընթացքում Քոչարյանը գրեթե ամբողջությամբ շրջանցեց Հայաստանի իրական խնդիրներն ու հարցերը, որոնց պատասխանատվության մի մեծ մասը հենց ինքն է կրում։ Փոխարենը նա զբաղված էր իշխանություններին մեղադրելով, հասարակությանը վախեցնելով և Ռուսաստանին արդարացնող նարատիվներ տարածելով։
Ամենացավալին այն է, որ նախկին նախագահը շարունակում է խոսել «պետական մտածողության» անունից, մինչդեռ իր ասուլիսում պետությունը գրեթե բացակայում էր։ Այնտեղ կար միայն մեկ գերակա շահ՝ Ռուսաստանի շահը, որը ներկայացվում էր որպես Հայաստանի անվտանգության միակ գրավական։
Հայաստանն այսօր ունի բազմաթիվ խնդիրներ, բայց դրանց լուծումը հաստատ չի անցնում նախկինների աշխարհաքաղաքական նոստալգիայի և արտաքին կախվածության վերարտադրության ճանապարհով։ Քոչարյանի ասուլիսը ոչ թե առաջարկեց լուծումներ, այլ հերթական անգամ հիշեցրեց, թե ինչից է Հայաստանը փորձում դուրս գալ։
![]()