Մենք պարտավոր ենք ԱՄՆ փոխնախագահի այցին պատրաստվել հստակ օրակարգով՝ ինչ արդյունք ենք պահանջում, ինչ ժամանակով

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի՝ առաջիկայում Հայաստան սպասվող այցին:

«Եվ այսպես․ փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան: Այդ այցը պետք է նշանավորվի ստորագրված, հստակ ժամկետներով ամրագրված և գործնականում իրականացվող պայմանավորվածություններով։

Հայաստանի ազգային շահը աներկբա է՝ ամերիկյան քաղաքական աջակցությունը արագ վերածել գործնական, չափելի և պատասխանատվությամբ ամրագրված փաթեթի՝ պաշտպանունակության իրական ուժեղացում (ժամանակակից պաշտպանական միջոցներ, տեխնոլոգիաներ, ուսուցում և համատեղ ծրագրեր), էներգետիկ անկախություն (նոր հզորություններ, ցանցերի արդիականացում, ներդրումային գործիքներ), տեխնոլոգիա ու կապիտալ (R&D, ստարտափ էկոհամակարգ, արտադրական ներդրումներ) և տարածաշրջանային հաղորդակցություններ՝ Հայաստանի ինքնիշխանության անխախտ սկզբունքով։

Մենք պարտավոր ենք ԱՄՆ փոխնախագահի այս այցին պատրաստվել հստակ օրակարգով՝ ինչ արդյունք ենք պահանջում, ինչ ժամանակացույցով, ինչ գործիքակազմով, և կոնկրետ ով է պատասխանատու դրա իրագործման համար։

Եթե ԱՄՆ-ն տարածաշրջանում խոսում է անվտանգության և գործընկերության մասին, ապա Հայաստանը պետք է ստանա համարժեք հնարավորություն՝ ձեռք բերելու նոր պաշտպանական կարողություններ։ Մեր նպատակը պետք է լինի մեկը՝ խոստումը դարձնել պայմանագիր, պայմանագիրը՝ կիրառելի գործիք, իսկ գործիքը՝ պաշտպանունակ Հայաստան, աշխատող տնտեսություն և կայուն զարգացում՝ չափելի, շոշափելի արդյունքներով»,- գրել է Բաբաջանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ