![]()
Հունվարի 29-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ կայացել է քննարկում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որին հաջորդել է պատգամավորների հետ հարցուպատասխան: Քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը, մասնակցել են քաղաքական խմբակցությունների մեծամասնության պատգամավորներ, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավարը, «Եվրանեսթ» ԽՎ համանախագահը և Հայաստանի հարցերով զեկուցողը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է այս ֆորմատով նախորդ հանդիպումից հետո տեղի ունեցած նշանակալի փոփոխությունները, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու զարգացումները:
Հանգամանալից անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն, առկա ձեռքբերումներին: Ընդգծվել է տրանսպորտային ու տնտեսական փոխկապակցվածության ներառական ցանցի ապահովման կարևորությունը:
![]()
Անդրադառնալով Հայաստանի՝ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ Արարատ Միրզոյանը նշել է. «Ընտրությունը կայանում է ինքնիշխան ժողովրդավարության կամ հնազանդության տանող ավտորիտար ուղու միջև, և մենք արդեն կատարել ենք մեր ընտրությունը»:
Արարատ Միրզոյանը և Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչման հարցում առկա ընդգծված պատրաստակամությունը։
![]()
![]()
Նախարար Միրզոյանը պատասխանել է միջազգային, տարածաշրջանային զարգացումներին, խառնածին սպառնալիքներին և դրանց արդյունավետ հակազդման ուղղությամբ գործադրվող ջանքերին առնչվող հարցերի։ Պատգամավորները բարձր են գնահատել խաղաղության օրակարգի, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում Հայաստանի Հանրապետության ցուցաբերած հանձնառությունն ու դերակատարումը։
![]()
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի համար առանցքային հարցերում Եվրոպական խորհրդարանի կողմից ցուցաբերված հետևողական աջակցության համար:
![]()