![]()
ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քրեական վարչության Գորիսի քննչական բաժնում «սպանություն, սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նոր մանրամասներ են պարզվել հունվարի 25-ին Գորիս քաղաքի «Թոզկապ» կոչվող տարածքի գերեզմանատան ճանապարհին տեղի ունեցած միջադեպից, որի ժամանակ 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի տեղափոխվել էր «Գորիս» բժշկական կենտրոն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մահացածներն են Գորիսի բնակիչներ 45-ամյա Վարուժան Յոլյանը և 38-ամյա Արմեն Յոլյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով այդ օրը հողամասի հետ կապված խնդիրները պարզաբանելու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 16։30-ի սահմաններում «Թոզկապ» կոչվող տարածքի գերեզմանների ճանապարհին Վ․ Յոլյանը հանդիպել է Ա․ Յոլյանին, ով եղել է իր ընկերոջ՝ Ա․ Երեմյանի հետ։ Խոսակցությունը կարճ ժամանակում վերածվել է վիճաբանության, որի ընթացքում էլ Վ․ Յոլյանը պայթեցրել է իր մոտ եղած նռնակը, ինչն էլ դարձել է իր և Ա․ Յոլյանի մահվան պատճառը։
Դեպքի վայրում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզի քրեական վարչության և համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ոստիկանները հայտնաբերել են Ա․ Յոլյանին պատկանող ատրճանակ և նռնակի պայթուցիչի լծակ։ Դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ըստ սկզբնաղբյուրի, օպերատիվ և քննչական գործողություններով ամբողջությամբ հերքվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի՝ նշված միջադեպին մասնակցությունը։
Պարզվում է նաև, թե ով է վարել «Lexus»-ը։
Վիրավոր Ա․ Երեմյանը աշխատում է Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ։ Մահացածներից Ա․ Յոլյանը Գորիսի քաղաքապետ Ա․ Առուշանյանի վարորդն էր։
![]()