Շնորհակալության շուրջ աղմուկի մասին․ երբ շարունակում ենք պատերազմել բառերի հետ՝ պարտվում ենք իրական քաղաքական դաշտում

Օրերս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Դավոսում ունեցած ելույթի ընթացքում, շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ հանուն խաղաղության քաղաքական կամք և խիզախություն դրսևորելու համար: Ընդ որում նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Թվում էր՝ մի միտք, որը տեղավորվում է միջազգային դիվանագիտության ընդունված լեզվի և տրամաբանության մեջ։ Սակայն Հայաստանում որոշ քաղաքական և մեդիա շրջանակներ այդ արտահայտությունը միտումնավոր կտրեցին կոնտեքստից և սկսեցին շահարկել միայն Ալիևին շնորհակալություն հայտնելու մասը՝ փորձելով ներկայացնել այն որպես զիջում, թուլություն կամ նույնիսկ նվաստացում։

Իրականում նախագահ Խաչատուրյանի խոսքը վերաբերում էր ոչ թե Ալիևի անձին կամ նրա քաղաքականությանը գնահատական տալուն, այլ կոնկրետ գործընթացի՝ խաղաղության բանակցություններին։

Միջազգային հարաբերություններում նման ձևակերպումները ոչ միայն սովորական են, այլ հաճախ անհրաժեշտ՝ ցույց տալու, որ կողմը կառուցողական է և պատրաստ է խոսել նույնիսկ ամենաբարդ պայմաններում։

Եթե նախագահը չնշեր այդ հանգամանքը և օգտագործեր կոշտ կամ մերժողական բառապաշար, նույն այդ շրջանակները վստահաբար նրան կքննադատեին արդեն խաղաղության գործընթացը վտանգելու, դիվանագիտական հնարավորությունները փակելու, կամ միջազգային հարթակներում Հայաստանը մեկուսացնելու համար։

Այդ շրջանկների համար խնդիրը ոչ թե ասված խոսքի բովանդակությունն է, այլ այն, որ խոսողը իրենցից մեկը չէ և չի սպասարկում է ոչ թե իրենց, այլ պետության քաղաքական օրակարգը։

Սա դասական օրինակ է, թե ինչպես է Հայաստանում քաղաքական քննարկումը հաճախ տեղափոխվում բովանդակությունից դեպի զգացմունքային մանիպուլյացիայի դաշտ։ Խոսքը չի վերլուծվում ամբողջությամբ, չի դիտարկվում իրավիճակի համատեքստում, այլ օգտագործվում է որպես հերթական ներքաղաքական հարվածի գործիք։

Պետք է հստակ տարանջատել երկու բան՝ Ալիևի վարած քաղաքականության գնահատականը և խաղաղության գործընթացի գոյության փաստը։ Առաջինը կարող է և պետք է արժանանա քննադատության, երկրորդը՝ անկախ ամեն ինչից, Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է։ Եվ եթե որևէ միջազգային հարթակում Հայաստանի նախագահը շեշտում է գործընթացի կարևորությունը ու դրանում ներգրավված մարդկանց շնորհակալություն է հայտնում, ապա դա չի նշանակում համաձայնություն հակառակորդի բոլոր քայլերի հետ։

Խաղաղության մասին խոսելը դավաճանություն չէ։ Դիվանագիտական լեզու օգտագործելը թուլություն չէ։ Իսկ կոնտեքստից կտրված արտահայտություններով ներքաղաքական կրքեր բորբոքելը ոչ մի կերպ չի ուժեղացնում Հայաստանի դիրքերը՝ ո՛չ ներսում, ո՛չ դրսում։

Հայաստանը չի շահում այն ժամանակ, երբ քաղաքական խոսքը դիտարկվում է ոչ թե իր բովանդակությամբ, այլ աղմուկ ստեղծելու նպատակով։ Մինչ մենք կենտրոնանում ենք կոնտեքստից կտրված բառերի վրա, իրական հարցերը՝ խաղաղության պայմանները, անվտանգությունը և պետական շահը, մնում են երկրորդ պլանում։ Եթե չենք սովորում տարբերակել դիվանագիտությունը քարոզչությունից, ապա շարունակելու ենք պատերազմել բառերի հետ՝ պարտվելով իրական քաղաքական դաշտում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ