«Հայկական ժամանակն» է գումար տվել, ոչ թե «Հայկական ժամանակին» են տվել, և դա փաստում են հաշվապահական թղթերը

«Հայկական ժամանակ» օրաթերթն ինչ-որ մի ժամանակահատվածում եղել է ՀՀ-ի ամենամեծ տպաքանակն ունեցող, ամենամեծ պահանջարկն ունեցող, ընթերցողների ամենալայն զանգվածն ունեցող թերթը: ՀՀ-ում թերթերի տարածման շատ սահմանափակ ռեսուրսներ են եղել, և, բնականաբար, պետք էր այդ ռեսուրսներից օգտվել»:

Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ժամանակին Միքայել Մինասյանը ֆինանսավորե՞լ է «Հայկական ժամանակ» թերթը, և ինչպե՞ս է դա եղել:

Վարչապետը նշել է, որ ի տարբերություն մյուս թերթերի՝ «Հայկական ժամանակի»՝ 1 համարի 100 դրամից վաճառող ընկերությունը ստացել է 30 դրամ, մյուս թերթերը ստացել են 10, 20, 25 դրամ, հետևաբար ըստ Փաշինյանի՝ տվյալ դեպքում ոչ թե «Հայկական ժամանակին» են «փող տվել», այլ «Հայկական ժամանակն» է «փող տվել», և դա արտահայտված է բազմաթիվ հաշվապահական թղթերում:

««Հայմամուլ» էր կոչվում, թե ինչ էր կոչվում, Հայաստանի բոլոր թերթերը վաճառվել են այդ համակարգի միջոցով, բացարձակապես բոլոր թերթերը: Միայն «Հայկական ժամանակը» չի ունեցել, էլի են եղել նման պայմանագրեր, բայց եթե նույնիսկ միայն «Հայկական ժամանակն» է ունեցել, «Հայկական ժամանակը» եղել է շուկայի թիվ 1 թերթը, և, բնականաբար, շատերն են ուզեցել պայմանագիր կնքել «Հայկական ժամանակը» վաճառելու և դրա արդյունքում շահույթներ ստանալու:

Հետևաբար «Հայկական ժամանակն» է գումար տվել, ոչ թե «Հայկական ժամանակին» են գումար տվել, և դա արտահայտված է հաշվապահական թղթերում, վճարված հարկերով, հաշվապահական հաշվետվություններով և այդպես շարունակ»,- ասել է վարչապետն ու հորդորել մոնիտորինգ անել՝ պարզելու, որ «Հայկական ժամանակը» նաև չի ունեցել որևէ մարդու մասին չգրելու վերաբերյալ որևէ կաշկանդվածություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ