![]()
Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա, իսկ նմանօրինակ խոսակցությունները պարզապես բամբասանքներ են։
Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ելույթի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՀՀ իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև հարաբերությունների մասին Եվրոպական պահպանողականների քաղաքական խմբի ներկայացուցչի հարցին։
Անդրադառնալով «մի՞թե Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված՝ ՀՀ իշխանությունների քայլերը ժողովրդավարական, կրոնական և խոսքի իրավունքի ազատությունների խախտում չեն» պատգամավորի հարցին՝ Արարատ Միրզոյանը ափսոսանք է հայտնել, որ պատգամավորի տեղեկատվությունն ամբողջապես ճշմարիտ չէ։
«Սա բամբասանք է, որը պետք է պարզաբանվի ու հստակեցվի հենց այստեղ։ Պետք է ասեմ, որ լիովին անհամաձայն եմ Ձեր որոշ ձևակերպումների, որակավորումների հետ։ Ցավում եմ, որ ձեր տեղեկատվությունը ամբողջապես ճշմարիտ չէ։
Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա»,-ընդգծել է Միրզոյանը։
ԱԳ նախարարը ԵԽԽՎ պատգամավորի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ որոշ հոգևորականներ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը բռնի կերպով իշխանությունից հեռացնելու կոչեր են անում։
«Սա բացահայտ ձևով են արել, նաև սպանության կոչեր են արել, ընդ որում՝ դրանցից մեկը, ում դեմ ուղված էին կոչերը, ես էի։ Ո՞րը կլիներ Ձեր որոշումը և գործողությունը։ Հայաստանում կա օրենքի գերակայություն և ամեն մարդ պետք է գործի օրենքի շրջանակներում՝ լինեն հոգևորականներ, պաշտոնյաներ, արվեստագետներ, թե հասարակ քաղաքացիներ։ Տխուր իրականություն ունենք Հայաստանում. ունենք հոգևորականներ, որոնք այս կոչերն արել են»,- ասել է Միրզոյանը։
![]()