Չի կարելի անվտանգության ամբողջ հոգսը դնել բանակի վրա. Փաշինյան

 

Նիկոլ Փաշինյանը երկրի անվտանգության ապահովման հարցում շեշտել է բանակի դիմաց նոր անվտանգային բուֆերներ ավելացնելու անհրաժեշտությունը, որ բանակն անվտանգության ապահովման առաջին մեխանիզմը չլինի՝ «չի կարելի անվտանգության ամբողջ հոգսը դնել բանակի վրա»: Այս մասին նա ասել է Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիսավոր նիստի ժամանակ՝ նվիրված Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին:

Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Եվ մենք այսօր շատ բարդ ճանապարհով հասել ենք դրան: Մենք ի՞նչ շարակարգեր ենք դրել բանակի դիմաց: Առաջին շարակարգը լեգիտիմությունն է։ Սա շատ կարևոր հանգամանք է, միջազգային լեգիտիմությունը: Երբ պետությունը և բանակն իր խնդրով հենված է միջազգային լեգիտիմության վրա՝ դա ուրիշ վիճակ է, երբ բանակը հիմնված չէ միջազգային լեգիտիմության վրա՝ դա բոլորովին այլ վիճակ է»,- շեշտել է վարչապետը։

Ըստ երկրի ղեկավարի՝ հաջորդ շարակարգը փոխկապվածությունն է, որով պետք է ապահովվի արտաքին անվտանգությունը: «Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների այնպիսի մի միջավայր, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որի անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնա բազմաթիվ այլ, այդ թվում՝ հարևան երկրների և գերտերությունների համար։ Եվ ընդհակառակը, որի անկայունությունը՝ որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի և միջազգային հանրության կողմից։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրանից բխող TRRIP նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություն են ստեղծում մեր երկրի համար և մենք հենվում ենք ու հենվելու ենք ռազմավարական այս ընկալման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա անվտանգության երաշխիք է:

Վարչապետը նշել է, որ հաջորդ շարակարգը երկարաժամկետ կանխատեսելիությունն է, որը պետք է լրջորեն գնահատել: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց սրա համար է և սրա մասին է. «Մենք ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը 29 743 քառակուսի կիլոմետր տարածք է, և այդ տարածքը պետություն է, որի խնդիրն իր քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունն ապահովելն է իր միջազգայնորեն ճանաչված տարածքում»։

Եվ անվտանգության ամենակարևոր շարակարգը, ըստ երկրի ղեկավարի՝ խաղաղությունն է:

«Չկա ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունը։ Եվ մենք այսօր դժվար, ծանր որոշումներով կառուցում ենք խաղաղություն։ Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինելու, բայց մենք պետք է շարունակենք այդ ճանապարհը: Եվ նաև այստեղ կարևոր է բանակի և Զինված ուժերի շատ սկզբունքային դիրքորոշումը, որ ինքը կենտրոնացած է իր աշխատանքի վրա: Սա շատ կարևոր բան է, որովհետև անկախ խաղաղությունից, անկախ՝ ինչպիսի, ինչքան հուսալի կլինի խաղաղությունը, մենք պետք է ունենանք ուժեղ և պաշտպանունակ բանակ, որովհետև ցանկացած երկիր, ով չունի ուժեղ և պաշտպանունակ բանակ, ինքը գայթակղություն է բոլորի համար: Եվ հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության առաջնային օրակարգում միշտ պետք է լինի ուժեղ և պաշտպանունակ բանակի գոյությունը, բանակի շարունակական զարգացումը՝ այն սկզբունքների շրջանակներում և հիման վրա, որոնք ես նշեցի»,-ասել է Փաշինյանը:

28 Հունվար, 2026 19:03

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ