Բոլորովին նոր, ըստ էության, զրոյից տարածքային պաշտպանության նոր համակարգ ենք ստեղծում․ վարչապետ․ տեսանյութ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով տեղի ունեցած հանդիսավոր նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ի թիվս այլ արձանագրումների՝ անդրադարձել է նաև ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել այդ գործընթացի կարևորությունը փոփոխվող աշխարհում։

«Երբ մենք փոփոխվող աշխարհում չենք փոխվում, դուրս ենք մնում աշխարհից, և դա, ցավոք, այն է, ինչ մեր պատմության ընթացքում մի քանի անգամ մեզ հետ տեղի է ունեցել, և մենք որոշել ենք փոխել այդ գործելակերպը»,- ասել է վարչապետը:

Երկրի ղեկավարը բանակի այսօրվա ամենակարևոր ձեռքբերումը համարել է այն, որ կա մտահորիզոնն անընդհատ ընդլայնելու ընկալումը, դրա անհրաժեշտությունը գիտակցված է: Այդ համատեքստում վարչապետը կարևորել է նաև ոլորտում կրթության զարգացման անհրաժեշտությունը, ինչի ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում:

«Այսօր սերժանտական համակարգ է ներդրվում, որը շրջադարձային նշանակություն է ունենալու մեր Զինված ուժերի, մեր բանակի մարտունակության տրամաբանության մեջ: Եվ սա շատ երկար և մանրամասն քննարկված բովանդակային փոփոխություն է, որը շատ կարևոր եմ համարում։ Բոլորովին նոր, ըստ էության, զրոյից տարածքային պաշտպանության նոր համակարգ ենք ստեղծում, և սա էլ շատ էական է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրին և նշել, որ այն լավ հնարավորություն է երիտասարդների մասնագիտական կողմնորոշման համար՝ հօգուտ զինվորական ծառայության. «Մենք այդպիսի համակարգ նախկինում չենք ունեցել, որ երիտասարդին կամաց-կամաց մոտեցնենք զինծառայությանը և ցույց տանք նրա առավելությունները։ Այսօր 19 տարեկան բազմաթիվ զինծառայողներ ամեն ամիս իրենց տուն 500 հազար, 600 հազար դրամ են տանում և մարտական հերթապահությունից դուրս ապրում են իրենց տանը»:

Բարեփոխումների շրջանակում երկրի ղեկավարն ընդգծել է ոլորտում գործունեություն իրականացնողների ընկալումն ու գիտակցումը՝ «ի՞նչ ենք անում մենք, ինչի՞ համար ենք անում»․ «Սա ամենակարևոր բանն է, որովհետև բոլորդ գիտեք՝ համակարգային դիմադրությունն ամենադաժան բանն է, որը երբեմն հնարավոր չի լինում հաղթահարել: Բայց այն ամենը, որ տեղի է ունենում, ես ուզում եմ ընդգծել՝ սա մեր, բոլորի համատեղ ջանքի արդյունք է: Ուզում եմ, որ մենք սա գնահատենք․ այն շատ կարևոր է և շատ բարձր արժեք ունի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ