![]()
Շատ ինտենսիվ երկխոսություն ունենք մեր թուրք գործընկերների հետ, շատ հարուստ է օրակարգը։ Կա հանձնառություն և պատրաստակամություն պաշտոնապես հաստատել դիվանագիտական հարաբերություններ երկու երկրների միջև և բացել սահմանը։
Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ելույթի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանը շարունակում է վերջնականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթացին՝ ներառյալ սահմանի լիակատար բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնում, դրանք կարևոր ներդրում կլինեն տարածաշրջանային կայունության ամրապնդման և բարգավաճման գործում:
«Այստեղ հարցը արդեն ոչ թե «ինչ»-ն է, այլ՝ «երբ»-ը։ Արդեն համաձայնել ենք «ինչ»-ի շուրջ և իմ հույսն է, որ մենք գոնե սահմանի մասնակի բացում կտեսնենք առաջիկա օրերի, շաբաթների ընթացքում, այնուհետ մենք լիովին կբացենք սահմանը։ Ես վստահ եմ, որ սա օգտական կլինի երկու երկրների ժողովուրդների համար»,- ասել է ԱԳ նախարարը:
![]()