«Կտրիճ Ներսիսյանը անտեսում է ոչ միայն ՀՀ օրենքները, այլև բացահայտ արհամարհանք է ցուցաբերում լրագրողների նկատմամբ». Ալխաս Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի և նրա հետ միասին Եռաբլուր այցելած մյուս եկեղեցականների՝ լրագրողների նկատմամբ պահվածքին:

«Կտրիճ Ներսիսյանը անտեսում է ոչ միայն ՀՀ օրենքները, այլև բացահայտ արհամարհանք է ցուցաբերում լրագրողների նկատմամբ։ Տպավորություն է, թե գործ ունենք սովետական չինովնիկի հետ։

Նրան մշտապես ուղեկցող մոտ երկու տասնյակ սևազգեստ մարդիկ այնպես են շրջապատում նրան, որ լրագրողներն ու հասարակ մարդիկ չկարողանան մոտենալ և հարցեր տալ։ Եռաբլուրում տեղի ունեցած տեսարանը դրա վառ վկայությունն է։

Լրագրողների բոլոր հարցերին նրանք նույն պատասխանն են տալիս՝ «այսօր այդ օրը չէ հարցերին պատասխանելու համար»։ Եվ դա կրկնվում է ամեն անգամ, երբ Կտրիճ Ներսիսյանը տարվա մեջ բացառիկ դեպքերում ստիպված դուրս է գալիս իր ճոխ նստավայրից։

Օրինակ՝ հունվարի 27-ին, հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը, նա կարող է ժողով անել և բարձրաստիճան հոգևորականի կարգալույծ հռչակել, բայց հինգ րոպե չի կարող հատկացնել լրագրողների հարցերին պատասխանելու համար։

Ու հարց է առաջանում․ իր կառավարման 26 տարիները՝ շուրջ 9 460 օր, արդյո՞ք այդ օրերի ընթացքում չգտնվեց գեթ մեկ օր, երբ Կտրիճ Ներսիսյանը կլիներ իր հոտի մեջ և կպատասխաներ նրանց հարցերին։

Այս վարքագիծը մի բանի մասին է վկայում՝ Կտրիճ Ներսիսյանը ասելիք չունի ոչ լրագրողներին, ոչ էլ հանրությանը»,- գրել է Ղազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ