![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի կողմից Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակելուն:
«Չգիտեմ նախկինում եղե՞լ են դեպքեր, երբ եպիսկոպոսին կարգալույծ են հռչակել, բայց վերջին տասնամյակներում չկա նման դեպք, քանի որ նման բարձրաստիճան հոգևորականի կարգալուծության համար պետք է շատ ծանր խախտումներ լինեն:
Քիչ առաջ այդ հազվադեպ ու ծանր մեղքեր գործելու դեպքն է արձանագրվել. Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ է հռչակել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, քանի որ նա դատարանում վիճարկել է Կտրիճ Ներսիսյանի նախորդ ապօրինի որոշումը, որի համար հիմք էր հանդիսացել Կտրիճ Ներսիսյանի նախորդ ապօրինի կապրիզը…
Իսկ ինչպիսի՞ արարք պետք է արած լինի եպիսկոպոսը, որ կաթողիկոսը նման ծայրահեղ որոշում ընդունի. միգուցե աղմկոտ սիրավե՞պ քեռակնոջ հետ, Ո՛Չ, սա ներում է «մեծահոգի» կաթողիկոսը:
Միգուցե օտար երկրում հավաքագրվելու փաստե՞ր, Ո՛Չ, սա ևս ներում է «մեծահոգի» վեհափառը:
Միգուցե եկեղեցուն պատկանող տների, սուրբ մասունքների նվիրո՞ւմ մերձավորներին. Ո՛Չ, սա ևս ներում է «մեծահոգի» կաթողիկոսը:
Միգուցե տեռորիստական ակտի պլանավորո՞ւմ. Ո՛Չ, սա ևս ներելի է «մեծահոգի» վեհափառի համար:
Միգուցե քրեական հանցագործությո՞ւն. Ո՛Չ, սա ևս ներելի է շատ «մեծահոգի» կաթողիկոսի համար:
Շատ մեծահգին դուրս եկավ…
Գևորգ Սրբազանը շարունակելու է մնալ բարձրաստիճան եկեղեցական և թեմի առաջնորդ, քանի որ «մեծահոգի» անհոգին Կտրիճ Ներսիսյանը Կաթողիկոս չէ ու չի կարող կարգալույծ հռչակել որևէ մեկին»,- գրել է Հակոբյանը:
Ավելի վաղ Կտրիճ Ներսիսյանը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատական հայց էր ներկայացրել ՀԱՍԵ-ի դեմ իրեն պաշտոնում վերականգնելու պահանջով:
Դատարանը բավարարել էր հայցադիմումի միջնորդությունը և կիրառել հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով նրան իր պաշտոնում։
![]()