400.000 դոլարը՝ Կտրիճի գրպանում․ որտե՞ղ ավարտվեց հոգևորությունը և սկսվեց շքեղությունը

Դեռևս 2000-ականների սկզբին Կտրիճ Ներսիսյանը որոշել էր, որ հոգևոր առաջնորդին, այնուամենայնիվ, մի փոքր աշխարհիկ շքեղություն չի խանգարի. ներկայացուցչական նստավայր մայրաքաղաք Երևանի հենց կենտրոնում, որպեսզի ընդունելությունները հարմար լինեն, միջավայրը՝ ներկայացուցչական, իսկ մթնոլորտը՝ որքան հնարավոր է «քաղաքակիրթ»: Թե ինչու վեհարանը պիտի լիներ գիշերային ակումբների հարևանությամբ, հասկանալի էր միայն Կտրիճ Ներսիսյանին: Ամեն դեպքում, ընտրությունը մեղմ ասած տարօրինակ էր, բայց ո՞ւմ է հետաքրքրում նման մանրուքը։

Միաժամանակ Կտրիճ Ներսիսյանը ցանկություն է հայտնում վերականգնել Կաթողիկե եկեղեցին։ Խոսքը 13-րդ դարի կառույցի մասին է, որը քանդվել է 1937 թվականին, և որից այսօր պահպանվել է միայն մատուռը։ Այդ տարածքում հետագայում կառուցվել էին ակադեմիային պատկանող ինստիտուտների շենքեր։ Բայց գիտությունը, ինչպես պարզվում է, միշտ էլ կարող է իր տեղը զիջել «բարձրագույն» նպատակներին։

Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ՝ ԳԱԱ լեզվի և տնտեսագիտության ինստիտուտների շենքերն ու օժանդակ շինությունները անհատույց հանձնվում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Նպատակը հայտարարվում է վեհարան կառուցելը։ Քոչարյանը, պարզվում է, մեծ սիրով է մասնակցել հոգևոր նախագծերին, հատկապես, երբ խոսքը պետական գույքը նվիրաբերելու մասին է։

Մինչ ապամոնտաժման աշխատանքները Կտրիճ Ներսիսյանը դիմում է բարերար Հրայր Հովնանյանին և խնդրում 400.000 դոլար։ Գումարը պետք է օգտագործվեր ապամոնտաժման, շինաղբի հեռացման և շինարարության նախապատրաստական աշխատանքների համար։ Հովնանյանը, սիրով և մեծ ոգևորությամբ, փոխանցում է պահանջված գումարը։ Այստեղ պատմությունը կարող էր ավարտվել գեղեցիկ երախտագիտությամբ, բայց սկսվում է ավելի «ստեղծագործական» փուլը։ Գումարը նպատակային չի օգտագործվում և գնում է ուղիղ Կտրիճ Ներսիսյանի անհատակ գրպանը։

Սակայն «խելացի» Կտրիճ Ներսիսյանի հնարամտությունը չի սահմանափակվում այսքանով։ Նա դիմում է Քոչարյանին, որպեսզի նույն աշխատանքները կատարվեն արդեն պետական միջոցներով։ Եվ Քոչարյանը համաձայնվում է։ Այսպիսով, նույն գործի համար նախ վճարում է բարերարը, հետո՝ պետությունը, իսկ արդյունքը՝ ֆինանսական կրկնակի «օրհնություն»:

Նստավայրի և Սուրբ Աննա եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունենում 2011 թվականին։ Տարիներ անց Քոչարյանը տեղեկանում է Հովնանյանի փոխանցած գումարի ճակատագրի մասին և հենց ինքն էլ այդ շորթման մանրամասները հայտնում Հովնանյանին։ Եվ ահա սկսվում է այն, ինչ կարելի է անվանել Կտրիճ Ներսիսյանի ավանտյուրաներով լի կյանքի ամենատրագիկոմիկ տեսարաններից մեկը։ Հովնանյանն իրեն «հիմարացված» է զգում և Կտրիճ Ներսիսյանից պահանջում բացատրություններ։ Կտրիճը սպառնում է Հովնանյանին, թե չի օծի եկեղեցին, իսկ բարերարն էլ հայտարարում է, թե Կտրիճ Ներսիսյանը չի մտնի նոր՝ երևանյան վեհարան։ Հոգևոր կառույցի շինարարական ատկատների շուրջ վեճ, որն ավելի շատ հիշեցնում է բիզնես կոնֆլիկտ:

Ժամանակներ են անցնում, և արդեն Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին շինարարությունն ավարտվում է։ Հովնանյանն, իմանալով Կտրիճ Ներսիսյանի ու Սարգսյանի մտերմիկ հարաբերությունների մասին, դիմում է վերջինիս, որ հարկադրի Գրիգորիչին՝ կատարելու եկեղեցու օծումը։ Սարգսյանի հրահանգով՝ ստեղծվում է Կտրիճ Ներսիսյանն – Հովնանյան հաշտեցման «հանձնախումբ»: Թվում է՝ խոսքը ոչ թե «հովվապետի» շահամոլության, այլ միջազգային դիվանագիտական ճգնաժամի մասին է։

Երկար բանակցություններից հետո 2015 թվականին Կտրիճ Ներսիսյանը գնում և օծում է եկեղեցին։ Արարողության ընթացքում կողմերն անգամ չեն նայում միմյանց աչքերի մեջ։ Այդ տեսարանը շատերի համար դառնում է լուռ վկայություն՝ խոր վիրավորանքի ու չմարսված անարգանքի մասին։ Օծումը կատարված է, սակայն հետագայում Հովնանյանը կգնա գերեզման՝ մնալով խաբված, խորը վիրավորանքն ու կսկիծը սրտում:

Օծումից հետո Կտրիճ Ներսիսյանն այդ եկեղեցի երբևէ չի այցելել։ Նույնը վերաբերում է երևանյան հայրապետական նստավայրին, ուր նա եղել է միայն բացման օրը, կարճ շրջայցով։ Ստացվում է խորհրդանշական պատկեր՝ կառուցված նստավայր և եկեղեցի, վերականգնված մատուռ, սակայն հոգևոր ներկայությունը՝ բացակա։ Անցյալի փոքրիկ այս դրվագը լավագույնս է բնորոշում Կտրիճ Ներսիսյանի անհագ սերը փողի նկատմամբ՝ ի գին խորտակված ճակատագրերի: Կտրիճ Ներսիսյանի ինտրիգներով լեցուն կենսագրությունը խճճված է այս և նմանատիպ այլ պատմությունների հանգույցներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ