![]()
Հակակոռուպցիոն դատարանում 2025 թվականի դեկտեմբերի 30-ին փոստով ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցադիմումը Արա Հայկազի Մկրտչյանի դեմ: Գործը մակագրվել է դատավոր Կարապետ Սերյոժայի Բադալյանին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
ՀՀ գլխավոր դատախազությունը, որի ներկայացուցիչն է Սարգիս Սարգսյանը, հայցադիմում է ներկայացրել Արա Հայկազի Մկրտչյանի դեմ պետությանը պատճառված 34.720.032,5 ՀՀ դրամ վնասի գումարի բռնագանձման պահանջի մասին:
2026 թվականի հունվարի 5-ին հայցադիմումը կից փաստաթղթերով հանձնվել է դատավորի աշխատակազմին: Դատավոր Կարապետ Բադալյանն ուսումնասիրել է հայցադիմումը և կից փաստաթղթերը և գտել է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-122-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ և առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր:
Նույն օրը՝ 2026 թվականի հունվարի 5-ին, դատավորը որոշում է կայացրել հայցադիմումն ընդունել վարույթ: Որոշումը հիմնավորվել է նրանով, որ հայցադիմումը ներկայացվել է դատախազության կողմից և ուղղված է պետության գույքային շահերի պաշտպանությանը, հետևաբար «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով հայցը ենթակա է քննության ՀՀ հակակոռուպցիոն դատարանում: Որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Գործը գտնվում է նախապատրաստական փուլում,- տեղեկացնում է Iravaban.net-ը։
![]()