![]()
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը կարևոր քայլ է անում միջազգային կրթական համագործակցության ուղղությամբ, հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։
Հավատարիմ մնալով «Կրթվելը նորաձև Է» շարժման շարունակական և որակյալ կրթության գաղափարին՝ հունվարի 26-ին Պեկինում Հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և Պեկինի Նորմալ համալսարանի նախագահ Յու Ցզիհոնգը ստորագրեցին համագործակցության հուշագիր «Իմ քայլը» հիմնադրամի և Պեկինի Նորմալ համալսարանի միջև։
Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին միջազգային փոխանակման և համագործակցության գրասենյակի, փիլիսոփայության դպրոցի, ուսումնական աշխատանքների գրասենյակի և ընդունելության բաժնի, մագիստրոսական ծրագրերի բաժնի ղեկավար կազմը` Լի Հոնգը, Լյու Չունրոնգը, Տենգ Ցյունը, Լի Չժոնգշանը, Լի Փեյրանը, Ջյան Լիմեյը, ինչպես նաև հայ ուսանողներ Արևիկ Սարգսյանը և Սոնա Ադամյանը՝ Չինաստանում Կրթության ֆակուլտետի դոկտորանտներ: Հուշագիրը ստորագրվել է 5 տարվա համար՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ։
Համագործակցությունը բազում ճյուղավորումներ ունի և լայնածավալ հնարավորություններ է տալու կրթվել և զարգանալ ցանկացող մարդկանց։ Դրա առաջին և ամենակարևոր քայլը լինելու է այն, որ «Իմ քայլը» հիմնադրամը, BNU-ի հետ համատեղ ֆինանասավորելու է տարեկան 10 բարձր առաջադիմությամբ հայ ուսանողի՝ Պեկինի Նորմալ համալսարան ընդունվելու և բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, ինչպես նաև ակադեմիական կարճաժամկետ ծրագրերում (մանրամասները` ստորև) ուսանելու համար՝ հոգալով ուսման, կացության և ճանապարհի ծախսերը։
1902 թվականին հիմնադրված և 1923 թվականին վերանվանված Պեկինի Նորմալ համալսարանը Չինաստանի առաջատար հետազոտական համալսարաններից է, որը լայնորեն ճանաչված է կրթության բարձր որակով, գիտական գործունեությամբ, մարդկային արժեքներով և միջազգային համագործակցությամբ։
«Կիսելով «Shared Education for Humanity» գաղափարախոսությունը՝ այս հուշագիրը համարում եմ բոլոր սովորողների համար կրթության երկարատև ու բովանդակալից ճանապարհի առաջին քայլը, որը կամրապնդի մարդկային միջանձնային և միջմշակութային կապերը, կնպաստի ակադեմիական փորձի փոխանակմանը՝ ապագա սերունդների համար ձևավորելով ավելի զարգացած, պատասխանատու ու գիտելիքահեն աշխարհ։ Ես հավատում եմ, որ իրական զարգացումը սկսվում է անձից՝ ինքնակատարելագործման և շարունակական կրթության միջոցով։ Այս համոզմունքը արտացոլված է նաև իմ նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժման մեջ, որը սկսել եմ՝ նպատակ ունենալով շարունակական կրթությունը դարձնել վարակիչ և համընդհանուր սոցիալական արժեք ամբողջ Հայաստանում»,- նշել է տիկին Աննա Հակոբյանը։
![]()