Ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ. քաղաքագետ

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այս երեսուն տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ընտրողների մեծ մասը ակամայից դարձել է քաղաքական տեխնոլոգ։ Ոչ թե կրթության կամ հետաքրքրասիրության շնորհիվ, այլ որովհետև տեսել է ամեն ինչ․ ընտրական արդյունքների լկտի կեղծում, զանգվածային ընտրակաշառք, ուսուցչի ու փողոցային խուժանի համատեղ մասնակցությամբ կազմակերպված ընտրախախտումներ, «արմատական» ընդդիմության ակնթարթային վերածում իշխանության հենասյան, եվրոպամետից՝ ռուսամետ դառնալու արագընթաց մետամորֆոզներ, ռուսամետից՝ արևմտամետացում (սա, ի դեպ, հազվագյուտ երևույթ է), խաղաղ ցուցարարների զանգվածային ծեծ ու գնդակահարություն։ Եվ այս ամենը՝ կրկնվող, կանխատեսելի, անպատիժ։

Եվ հիմա դուք հայտնվում եք ու փորձում եք հայաստանյան հասարակությանը համոզել, թե Տաշիր Սամվելը կապ չունի Քոչարյանի ու Սերժի հետ, թե նա ռուսական շահերի սպասարկու չէ, թե Գարեգին Բ-ն մաքուր հոգևոր առաջնորդ է և զերծ է բիզնես շահերից ու ռուսական ազդեցությունից, թե Քոչարյանի որդին ու Սերժի փեսան հայրենիքի փրկության մղումով են գործում, թե մի շարք թերթերի խմբագիրներ հանկարծ հայրենիքի սիրուց դրդված են դարձել՝ կեղծիք ու լուտանք տարածող։ Եվ այս ամենը ներկայացվում է իբրև հավատ ներշնչող պատմություն։

Ոչ, պարոնայք և տիկնայք։ Թեև ընդունված է ասել, որ լայն զանգվածների քաղաքական հիշողությունը կարճ է, այս դեպքում դա պարզապես չի համապատասխանում իրականությանը։ Եթե չեք հավատում, առանց տեսախցիկների, առանց շոուի ու աղմուկի, մոտեցեք ցանկացած բակային զրուցարանի (հին լեզվով ասած՝ բեսեդկայի) և հարցրեք՝ ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ։ Դուք կստանաք մանրամասն ու դիպուկ պատասխաններ։ Իսկ եթե դրանից հետո էլ չհասկանաք, ապա խնդիրը ոչ թե հանրության մեջ է, այլ ձեր ընկալման սահմաններում։

Վերջում հարկ է հիշեցնել ևս մի հանգամանք․ հայաստանյան ընտրողների շատ մեծ հատվածը տարիների ընթացքում մի քանի անգամ ընտրակաշառքի միջոցով հանցավոր համաձայնության է եկել վերոնշված «հերոսների» մեծ մասի հետ։ Եվ հենց այդ պատճառով, երբ նույն ընտրողը ձեզ տեսնում է՝ խաչը ձեռքին, Գարեգին Բ-ի կողքին կանգնած, նա այլևս հարցեր չի տալիս։ Նա արդեն լիովին պատկերացնում է ձեր բարոյահոգեբանական դիմանկարը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ