10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժկենտրոններում, ունենք ծանր դեպքեր. Ավանեսյանը՝ շղթայական վթարի մասին

Սիրելի՜ քաղաքացիներ, եկե´ք ավելի զգոն ու զգույշ լինենք հատկապես այս օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է անում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ օպերատիվ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։

10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժկենտրոններում. հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր:

Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ պահպանեք անվտանգության կանոնները, պարտադիր ամրակապվեք, մինչև 7 տարեկան երեխաների դեպքում օգտագործեք car seat»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին՝ ժամը 11։10-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ