![]()
Ինչպես հայտնել էինք, հունվարի 25-ին Գորիսում զինամթերքի գործադրմամբ զինված միջադեպ է տեղի ունեցել: Սպանվել են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ:
Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, սոցցանցի իր էջում անդրադարձել է միջադեպին՝ գրելով․
«Չէի ուզում անդրադառնալ երեկվա ողբերգությանը, քանի որ ողջ համացանցը առանց այն էլ ողողված էր մեկը մյուսից էժան ու անարգալից գրառումներով, բայց կա ավելի մեծ, համազգային ողբերգություն, որը չի թողնում լռել…։
Նախ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքներին և հարազատներին․ սա խոր վիշտ է, որը մտածելու շաա՜տ տեղիք պետք է տա, և մեզնից յուրաքանչյուրը պետք է վերաարժևորի իր կյանքը, հասկանա այս ողբերգության կարևորագույն խորհուրդը, որ մեզնից ոչ մեկն իր հետ այս կյանքից ոչինչ չի տանելու…։
Երկրորդ ողբերգությունը, որը չի զիջում առաջինին, մեր էժան ու ցածր տեսակն է, մեր լավը չտեսնելու և անտեսելու, բարին ու ազգայինը չգնահատելու տեսակն է, հասարակությանը անվերջ մանիպուլյացնելու և անգամ նման ողբերգությունը իրենց շահերին ծառայեցնելու անսրբությունը…։
Ի՞նչ կարող եմ ավելացնել.
Նման արժեքներով, նման մտածելակերպով, նման ազգային տրամադրությամբ ու տրամադրվածությամբ մենք ոչ միայն չենք կարող մեր փշուր-փշուր եղած ողնաշարը շտկել, այլև ամեն օրվա հետ ավելի խոր կթաղվենք, ու շա՜տ շուտով մեզ ոչ թե կոչնչացնեն, այլ մենք ինքներս մեզ կինքնաոչնչացնենք…։
Ինչպես մեծագույն վիպասան Րաֆֆին էր ասում՝ «…Մենք բարեկամ չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի որ մենք ինքներս մեզ բարեկամ չենք։ Ով որ իր ազգը, իր հայրենիքը չէ սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու։ Մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար, ուրիշ ոչ ոք մեղավոր չէ.․․»։
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ Գորիսում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձը), 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:
![]()