Մարգարայի անցակետը պատրաստ է․ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ այցելել են այնտեղ

Հունվարի 26-ին պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ այցելել են Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող Մարգարայի անցակետ։ Հյուրերը շրջել են անցակետի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում ներկայացվել են անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, սահմանային և մաքսային հսկողության իրականացման գործընթացները, ինչպես նաև կիրառվող ընթացակարգերի առանձնահատկությունները։

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է իրականացնելու անհրաժեշտ սահմանային մաքսային ծառայությունը պետական սահմանի Մարգարա անցման կետում։

«Ծառայության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով նախատեսվել են համապատասխան աշխատակիցներ, որոնք սահմանի վերաբացման դեպքում անցակետում կիրականացնեն անհրաժեշտ աշխատանքներ»,- նշեց Ռաֆայել Գևորգյանը։

Ըստ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արամ Պետրոսյանի՝ անցակետը հագեցած է անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և արդիականացված ենթակառուցվածքներով, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ և անվտանգ իրականացնել մաքսային գործառույթները։ Անցակետում կառուցվել են հարմարավետ սպասարկման սրահ, մեքենաների մանրամասն զննման մասնաշենք, ավտոմեքենաների ձևակերպման համար նախատեսված տաղավարներ և պահեստ, ավտոկայանատեղիներ և միջազգային չափանիշներին համահունչ այլ ենթակառուցվածքներ, որոնք հագեցած են ժամանակակից տեխնիկական սարքավորումներով, այդ թվում՝ ուղեբեռների և ֆիզիկական անձանց զննության համար նախատեսված ռենտգենյան հսկողության սարքերով, էլեկտրոնային կշեռքներով և այլ տեխնիկական միջոցներով։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի պետ Ռոբերտ Ղարսոյանը հայտնեց, որ Մարգարա անցման կետում սահմանապահ ծառայությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով, և սահմանի վերաբացումից հետո պատրաստ են լիարժեք իրականացնելու իրենց առջև դրված խնդիրները՝ ապահովելով անհրաժեշտ ծավալի ուղևորների պատշաճ սպասարկումը։

Նշենք, որ Մարգարայի անցակետի կառուցման աշխատանքներն ավարտվել են 2023 թվականի դեկտեմբերի վերջին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ