Իյա, իրո՞ք․ ՍերԺ Սարգսյանի արկածները հիմա պահանջատիրություն ու պետական քաղաքականություն են կոչվո՞ւմ

Էդուարդ Շարմազանովը հերթական անգամ փորձում է անցյալը սրբագրել ու հայտարարել է, թե իբր Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին «Հայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր», «աշխարհի հզորները հաշվի էին նստում Հայաստանի հետ», իսկ Հայաստանը նույնիսկ տարածաշրջանում օրակարգ էր թելադրում։
Սա արդեն պարզապես քաղաքական մանիպուլյացիա չէ, այլ մարդկանց հիշողությունը բացահայտ վիրավորելու փորձ։

Հիմա փորձենք հասկանալ՝ ի՞նչ օրակարգի մասին է խոսքը։ Այդ նույն Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Հայաստանը տարիներ շարունակ բանակցում էր Եվրամիության հետ, պատրաստում Ասոցացման համաձայնագիր, խոսում եվրոպական ընտրության մասին, մինչև որ մի գեղեցիկ օր Սերժ Սարգսյանին կանչեցին Մոսկվա և բառացիորեն մեկ գիշերում Սարգսյանը հայտարարեց «Մաքսային միությանը» միանալու մասին։ Առանց հանրային քննարկման, առանց քաղաքական բացատրության, առանց որևէ սուվերեն որոշման նշույլի։ Սա՞ օրակարգ թելադրել է, թե՞ պարտադրված ընտրության ընդունում։

Կամ հիշենք «ֆուտբոլային դիվանագիտությունը»։ Երբ Հայաստանի ղեկավարությանը Մոսկվայից հուշում էին՝ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու փորձ սկսել, առանց որևէ լուրջ երաշխիքի։ Ստիպում էին թուրքերի հետ դիվանագիտական ֆուտբոլ խաղալ։ Այդ գործընթացը ոչ միայն արդյունք չտվեց, այլ նաև խորը հիասթափություն առաջացրեց թե՛ ներսում, թե՛ Սփյուռքում։ Սա՞ էր պահանջատեր պետական քաղաքականությունը։

Ասում է՝ աշխարհի հզորները հաշվի էին նստում Հայաստանի հետ։ Այդ դեպքում ինչո՞ւ ԵԱՏՄ-ի շրջանակում Ղազախստանի նախագահ Նազարբաևը ԵԱՏՄ հավաքում հրապարակավ կարդաց Ալիևի նվաստացնող նամակը, իսկ Սերժ Սարգսյանը ծպտուն անգամ չհանեց։ Ինչո՞ւ նույն «հզոր» դաշնակից Ռուսաստանը տարիներ շարունակ Ալիևին մատակարարում էր միլիարդավոր դոլարների ժամանակակից հարձակողական զենք, իսկ Սերժ Սարգսյանին տալիս էր 80-ականների զինտեխնիկա՝ որպես «դաշնակցային աջակցություն»։

Ղարաբաղյան կարգավորման գործընթացը փակուղի էր մտել՝ դա խոստովանել է հենց Սերժ Սարգսյանը։ Մինչ Ադրբեջանը համակարգված կերպով պատրաստվում էր պատերազմին, ուժեղացնում բանակը և հռետորաբանությունը, միջազգային հանրությունը լավագույն դեպքում լռում էր, իսկ հաճախ էլ հավասարության նշան էր դնում ագրեսորի և պաշտպանվողի միջև։ Այդ տարիներին հազիվ թե գտնվեր մի ազդեցիկ երկիր, որը բաց ու հստակ կարտահայտեր Հայաստանի շահերի պաշտպանությունը։

Ու հիմա փորձում են այս ամենը ներկայացնել որպես «օրակարգ թելադրող», «հզորների հետ հաշվի նստող» պետության ժամանակաշրջան։ Իրականում դա մի փուլ էր, երբ Հայաստանը հիմնականում արձագանքում էր ուրիշների որոշումներին, ոչ թե ինքն էր ձևավորում խաղի կանոնները։ Եվ որքան էլ փորձեն դա փաթեթավորել գեղեցիկ խոսքերով, փաստերը մնում են նույնը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ