![]()
«Մենք նվագում ենք, դուք պարում եք». Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա իր երաժշտական խմբի հետ հունվարի 30-ին։
Նման իրազեկող ենթավերնագրով հոդված է հրապարակել Euronews-ի ռուսական ծառայությունը՝ հայտնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է իր երաժշտական դեբյուտին։
Հիշեցնելով, որ ավելի վաղ նմանատիպ առաջին միջոցառման մասին՝ վարչապետը գրառում էր արել ու հրավիրել պարահրապարակ, կայքը նշում է, որ վարչապետը հրապարակել էր համերգի ամսաթիվը և խմբի «Վարչաբենդ» անվանումը։
«Հայկական լրատվամիջոցները հաղորդում են, որ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, անցյալ տարի երաժշտության դասեր են վերցրել։ Վարչապետը նվագում է հարվածային գործիքներ, իսկ կինը՝ կիթառ։
Դեկտեմբերի վերջին վարչապետը հրապարակեց տեսանյութ, որտեղ նա նվագում է հարվածային գործիքներ՝ միաժամանակ երգելով իր՝ Հայաստանի մասին բանաստեղծության հիման վրա ստեղծված երգը։
Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի դաշնակահար Նիկոլայ Կուրդյումովը վերջերս հրապարակել է իր և Փաշինյանի համատեղ ելույթի տեսանյութը և հայտարարել առաջիկա ստեղծագործական համագործակցության մասին»,- ասվում է հոդվածում:
Նաև նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հաճախ է հրապարակում երաժշտական նվագակցությամբ տեսանյութեր: Վերջին ամիսներին նա իր հետևորդների հետ կիսվել է իր միջազգային ճանապարհորդությունների ժամանակ արված տեսանյութերի շարքով, որոնք դարձել են թրենդային և հավաքել միլիոնավոր դիտումներ։
«Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին: Որոշ դիտորդներ նշում են, որ նրա երաժշտական կերպարի առաջխաղացումը նախընտրական քարոզարշավի մի մասն է, սակայն Փաշինյանին մոտ կանգնած մարդիկ ասում են, որ նա ընտրել է իր լսարանի հետ այսպես շփվելու ձևը»,- եզրափակում է Euronews-ը:
![]()