Նարեկ Կարապետյանը սխալ է․ Պորոշենկոյի «Ռոշեն» գործարանը փակվել է 2017-ին, ազգայնացվել 2024-ին

 

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, թե Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին պատկանող գործարանները Ռուսաստանի տարածքում անխոչընդոտ գործել են նույնիսկ ռուս-ուկրաինական «հակասությունների ժամանակ»։

«Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանում Լիպեցկի մարզում իմ հիշելով ուներ մեծ գործարաններ, և այդ գործարանները գործում էին անգամ այն ժամանակ, երբ Ուկրաինան հակասությունների մեջ էր Ռուսաստանի հետ։ Ռոշենի գործարանները իր սեփականությունն են անգամ մինչև հիմա», —ասել է Կարապետյանը։

Ընդդիմադիր շարժման առաջնորդը այս համեմատությունն արել է արձագանքելով հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, որ որ եթե Կրեմլը լոյալ չէ որևէ քաղաքական գործչի կամ գործարարի նկատմամբ, ապա նա կամ նրա ընկերությունը կհանդիպի խոչընդոտների։

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Նարեկ Կարապետյանը սխալվում է, քանի որ Պորոշենկոյի «Ռոշեն» գործարանը դեռևս 2017 թվականին փակվել է, իսկ 2024 թվականին Ռուսաստանի դատարանը ազգայնացրել է այն։

Ինչպիսին է եղել «Ռոշենի» անցած ճանապարհը

Պյոտր Պորոշենկոյին պատկանող «Ռոշեն» գործարանի գործունեությունը Ռուսաստանում բարդացել է 2014 թվականին՝ Պորոշենկոյի ընտրությունից և Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո։ Նախ քրեական գործեր են հարուցվել գործարանի գործունեության առնչությամբ, ապա հարկային մարմինները սկսել են պարբերաբար պահանջներ ներկայացնել։

ՌԴ Լիպեցկի մարզում երբևէ գործունեություն ծավալած «Ռոշեն» կորպորացիան 2017 թվականի հունվարին պաշտոնապես հայտարարել էր, որ ապրիլից չի աշխատելու, իսկ արդեն նույն տարվա հունիսի 1-ից Լիպեցկի հրուշակագործական ֆաբրիկան, պատրաստի մթերքի պահեստը և «Ռոշեն» առևտրի կենտրոնը ամբողջությամբ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Գործարանի փակման հետևանքով 700 աշխատող զրկվել է աշխատանքից։

Գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարությունը մեկնաբանելիս ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դա ընկերության բաժնետերերի «սուվերեն որոշումն է»։

Այս ամենը հաջորդել էր 2016 թվականին Վալդայ ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որի համաձայն «Ռոշենը» որոշ խնդիրներ ունի ավելացված արժեքի հարկի վերադարձման հետ կապված, ինչի հետևանքով դատական մարմինները որոշ սահմանափակումներ են սահմանել։

Հատկանշական է, որ 2015 թվականի ապրիլին գործարանի հետ կապված քրեական գործ էր հարուցվել, քանի որ պարզել էին՝ այն կառուցելու ժամանակ խոշոր չափով ֆինանսական խաբեություն է տեղի ունեցել, արդյունքում դատարանը կալանքի տակ էր վերցրել գործարանի ունեցվածքը՝ 33.5 մլն դոլարի, իսկ հետո Լիպեցկի արբիտրաժային դատարանը բավարարելով գործարանի ներկայացուցիչների հայցը վերացրել էր կալանքը։ Այնուհետև մարզի դատախազությունն է «գործունեության արտադրական խնդիրների մեծ թվով խախտումներ հայտնաբերել»։

«Ռոշեն» կորպորացիան հայտարարել էր, որ ՌԴ-ում այս գործարանի փակումը քաղաքական և տնտեսական պատճառներ ունի։ Նաև նշվել էր, որ ռուսական իշխանություններն ու պատկան մարմինները ամեն ինչ արել են, ընկերության արտադրանքը որակազրկելու, ապրանքների վաճառքը խոչընդոտելու, ճնշելու վաճառքով զբաղվող առևտրային ընկերություններին։

Քաղցրավենիք ու հրուշակեղեն արտադրող ամենախոշոր ուկրաինական ընկերությունն է «Ռոշենը» (Roshen)։ Գորածարաններ ունի/ունեցել եվրոպական քաղաքներում, օկուպացված Դոնեցկում և Ուկրաինայի շատ վայրերում։

Լիպեցկում գործարանը հիմնվել է 2001 թվականին։ Կորպորացիայի հիմնադիրը Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն է, որը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե ընտրվելու դեպքում կվաճառի այն։ Սակայն վաճառող չի գտնվել, և Պորոշենկոն որոշել է իր մասնաբաժինը՝ 85 տոկոս, տրամադրել «Rothschild Trust»-ին։

Լիպցեկում «Ռոշենի» ճակատագիրը միայն փակմամբ չի ավարտվում․ 2024-ին Լիպեցկի դատարանի որոշմամբ, Պորոշենկոյի գործարանը ազգայնացվում է, իսկ Պորոշենկոյի որդու՝ Ալեքսեյ Պորոշենկոյի և գործարանի տնօրեն Օլեգ Կազակովի գործունեությունը, նույն դատարանի որոշմամբ, ՌԴ տարածքում արգելվում է՝ համարելով դա ծայրահեղական։

Այսպիսով, Նարեկ Կարապետյանի այն պնդումը, թե «Ռոշեն» գործարանը Ռուսաստանում գործել է անխոչընդոտ և մինչ այժմ մնացել է Պորոշենկոյի սեփականությունը մինչև այսօր, փաստերով չի հաստատվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ