ԱՄՆ-ին՝ վկա, Ռուսաստանին՝ տեր․ Նարեկ Կարապետյանի իրական օրակարգը

Երեկ երեկոյան Պետրոս Ղազարյանի հյուրը «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն էր։ Հարցազրույցը, Պետրոսի սովորական ձևաչափի հետ համեմատած, նկատելիորեն երկար էր։ Թերևս պատճառը մեկն էր․ հաղորդավարը յուրաքանչյուր հարցի շուրջ ստիպված էր զգալի ջանքեր գործադրել որևէ կոնկրետ, ստուգելի կամ համոզիչ պատասխան ստանալու համար։ Շատ դեպքերում այդ ջանքերն ավարտվում էին ոչ թե պատասխանով, այլ գեղեցիկ ձևակերպումների հերթական կույտով։ Այնուամենայնիվ, հարցազրույցում կային պահեր, որոնք արժանի են հատուկ ուշադրության։

Դրանցից առանցքայինը TRIP-ի նախագծի վերաբերյալ Նարեկ Կարապետյանի հնչեցրած դիրքորոշումն էր։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն նախագծում հանդես է գալիս «վկայի» կարգավիճակով, իսկ Հայաստանին անհրաժեշտ է «երաշխավոր»։ Պետք է արժանին մատուցել Նարեկին․ անգամ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հաճախ շատ ավելի ուղիղ է խոսում Ռուսաստանի տարածաշրջանային մտադրությունների մասին, քան Նարեկը՝ այս հարցազրույցում։ Բայց քանի որ խոսքը ազգային անվտանգության նշանակության հարցի մասին է, փորձենք մեր ընթերցողի համար «ապակոդավորել» այդ դիվանագիտական լեզուն։

Պատկերացնենք մի սցենար․ «Մեր ձևով» շարժման թեկնածուն հանկարծ դառնում է վարչապետ, ուժեղ առաջնորդի շորերը հագած գնում է ԱՄՆ Սպիտակ տուն (եթե, իհարկե, ընդունեն) և հայտարարում է, որ TRIP նախագծում, որտեղ ԱՄՆ-ն միլիարդավոր ներդրումներ է նախատեսում, Վաշինգտոնը ընդամենը վկա է, մենք ձեզ լիարժեք չենք վստահում, իսկ վստահության համար մեզ անհրաժեշտ է երաշխավոր՝ Ռուսաստանի կամ Չինաստանի տեսքով, թեև անգամ քաղաքականությանը լիովին անտարբեր մարդու համար ակնհայտ է, որ խոսքը Չինաստանի մասին չէ․ հակառակ դեպքում Կրեմլը չէր ստիպի Սամվել Կարապետյանին թողնել իր ապահով կյանքը և մտնել հայկական քաղաքական դաշտ։

Իսկ ինչ կլինի հետո, ինչպես ասում են, շատ հուզիչ է։ ԱՄՆ-ն նման ձևակերպումից հետո պարզապես փակելու է դուռը և ասելու․ գնացեք, ձեր «երաշխավորի» և Ադրբեջանի հետ ինքներդ լուծեք ձեր հարցերը։ Եվ Հայաստանը կվերադառնա այն նույն կոտրած տաշտակին, որի առջև կանգնած էր մինչև 2025 թվականի օգոստոսը։

Նարեկ Կարապետյանի՝ «երաշխավորի» մասին խիստ դիվանագիտական և առաջին հայացքից գայթակղիչ ձևակերպումը իրականում ոչ այլ ինչ է, քան Հայաստանի վերադարձը նախկին աշխարհաքաղաքական թակարդ։ Այն նույն թակարդը, որտեղ Հայաստանը, չունենալով սուբյեկտայնություն ու ինքնիշխանություն, խոր կոնֆլիկտների մեջ լինելով հարևանների հետ, հուսահատորեն ընկնում էր «մեծ եղբոր»՝ Ռուսաստանի գիրկը։ Իսկ թե ինչպես է այդ «մեծ եղբայրը» մեզ «փրկել», բոլորս շատ լավ հիշում ենք։

Ժողովուրդն ունի մի պարզ խոսք․ «շաքար ասելով բերանդ չի քաղցրանա»։ Նույն տրամաբանությամբ՝ «ուժեղ առաջնորդ» անընդհատ կրկնելով խելքդ, սուբյեկտայնությունդ ու ազատ գործելու հնարավորությունն ինքնաբերաբար չեն ավելանում։ Մոտ 35 տարվա անկախ պետականության մեջ առաջին անգամ Հայաստանը իրականում նստել է ուժեղների հետ նույն սեղանի շուրջ՝ ոչ թե աղերսողի, այլ գործընկերոջ դիրքից։ Կարող եք՝ օգնեք, չեք կարող՝ շարունակեք ձեր բիզնեսը։
Պետություն կառավարելը ամեն մեկի խելքի բանը չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ