![]()
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ջրառատում տնակի հրդեհի հետևանքով սոցիալական խնդիրների բախված ընտանիքի մասին հրապարակումներին:
«Սիրելի´ հայրենակիցներ, ի պատասխան Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրում տնակի հրդեհման և դրա հետևանքով ընտանիքի սոցիալական դրության վերաբերյալ բազմաթիվ նամակների, տեղեկացնում եմ, որ նշված ընտանիքը Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում արդեն իսկ գնել է բնակարան, որտեղ ներկայումս իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, որոնք օրերի ընթացքում կավարտվեն, և ընտանիքը կկարողանա տեղափոխվել իրենց նոր տուն:
Համացանցում նշված դեպքի հետ կապված տարատեսակ դրամահավաքների առնչությամբ ցանկանում եմ հատուկ շեշտել, որ ընտանիքը մշտապես գտնվել է ՄՍԾ Վաղարշապատի տարածքային կենտրոնի ուշադրության կենտրոնում, մեր սոցիալական աշխատողների կողմից իրականացվել է ընտանիքի կարիքի համապարփակ գնահատում` դրանք առաջիկայում հասցեագրելու համար»,- ասվումէ գրառման մեջ:
Հիշեցնենք՝ հունվարի 22-ին՝ ժամը 21։09-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղի Ուղեկալների փողոցում այրվում է վագոն-տնակ։ Այրվել են վագոն-տնակը (մոտ 21 քմ) գույքով և կից փայտե շինությունը (մոտ 15 քմ)։
![]()