Մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը

Հունվարի 24-ին մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը: Քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 142 և թիվ 135 հիմնական դպրոցներում տեղակայված քննական կենտրոներ։

Ինչպես հայտնել է ԿԳՄՍՆ-ն, քննական գործընթացի մեկնարկից առաջ Ժաննա Անդրեասյանը նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում և զրուցել դիմորդների հետ:

Նախարարը հաջողություն է մաղթել նրանց և հետաքրքվել քննություններին նախապատրաստվելու, մասնագիտական նախընտրությունների հարցերով։
Ժաննա Անդրեասյանը նաև զրուցել է դիմորդների ծնողների հետ և լսել նրանց դիտարկումները քննական գործընթացի վերաբերյալ:

Առաջին օրը դիմորդները քնություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: ԳԹԿ-ի տրամադրած տվյալների համաձայն` 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլում հայտագրվել է 12 538 դիմորդ։ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 4657 դիմորդ․ քննությունն անցկացվել է 37 քննական կենտրոնում, որոնցից 27-ը մարզերում է, 10-ը՝ մայրաքաղաքում:

Հաշվի առնելով, որ եղանակային պայմանների պատճառով որոշ բնակավայրերից դիմորդները քննական կենտրոններ հասնելու դժվարություններ են ունեցել, նրանց համար կկազմակերպվի լրացուցիչ քննություն. ժամկետների մասին դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ։

Հաջորդ միասնական քննությունը տեղի կունենա հունվարի 25-ին «Ֆիզիկա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ