Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մեր հասարակության համար լինել լուրջ և մտահոգիչ խնդիր. ՄԻՊ

Հունվարի 23-ին Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքում տեղի է ունեցել «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ իրազեկում և հասարակական գիտակցության ձևավորում» թեմայով միջոցառում։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Միջոցառմանը ներկա են եղել Տավուշի մարզպետի աշխատակազմի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված այլ անձինք։

Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։

Անահիտ Մանասյանը, անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, նշել է, որ չնայած վերջին տարիներին իրականացված քայլերին՝ այն շարունակում է մնալ մեր հասարակության համար լուրջ և մտահոգիչ խնդիր՝ մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից. «Սովորաբար, երբ հասարակությունում խոսում են իրավահավասարության մասին, հաճախ այն սխալմամբ ընկալվում է որպես որոշակի խմբերին արտոնություններ տրամադրելու փորձ։

Մինչդեռ իրականում խոսքը ոչ թե արտոնությունների, այլ հավասար հնարավորությունների երաշխավորման մասին է։ Որոշ խմբերի իրավունքների շեշտադրումը վկայում է այն մասին, որ նրանց իրավունքների իրացման հետ կապված առկա են խնդիրներ։ Կարևոր չէ՝ դրանք մեծ են, թե փոքր. փաստն այն է, որ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն»։

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը, որը նվիրված է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին։

Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ և անդրադառնում է Հայաստանում առկա այս հրատապ խնդրին։

Ֆիլմի ցուցադրությունից հետո անցկացվել է թեմատիկ պանելային քննարկում, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, «Հոդված 3» ակումբի հիմնադիր ղեկավար Գայանե Աբրահամյանը և ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Գագիկ Աղբալյանը։ Քննարկումը մոդերացրել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը։

Ամփոփելով միջոցառումը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ նման նախաձեռնությունները կարևոր են ոչ թե պարզապես խնդրի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացման, այլ հավասարության և համերաշխության վրա հիմնված միջավայրի ձևավորման տեսանկյունից։

Անահիտ Մանասյանը շեշտել է ոլորտում խնդիրները լուծելու նպատակով բոլորիս ջանքերը մեկտեղելու կարևորությունն ու համապատասխան նախառեռնություններին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից աջակցելու պատրաստակամությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ