Ճախրող ռեստորանը կամ Dine Sky-ը (դայն սքայ) նման է մետաղական տաղավարի, որը վերև է բարձրացնում ամբարձիչ կռունկը: Այն ունի 8 մ երկարություն և 3 մետր լայնություն, կազմված է երկու հատվածից՝ հատակամածից, որին ամրացված են սեղաններն ու աթոռները, և տանիքից:
Dine sky-ի տանիքը պատրաստված է հատուկ նեյլոնից, որը թույլ չի տալիս որ թափանցեն արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթները: Թե Երևանում որտեղ կտեղակայվի ճախրող ռեստորանը, գաղտնի է պահվում: Ընտրվել է այնպիսի տեղամաս, որն ունի հարթ մակերևույթ և որտեղ քամիների հաճախականությունն ու ուժգնությունը թույլ է:
Ռեստորանը պտտվելու է 360 աստիճանով և բոլոր հյուրերը հավասարապես կկարողանան հիանալ թե՛ Երևանի կենտրոնի, թե՛ Արարատյան դաշտավայրի ու Արարատի տեսարաններով:
Ի դեպ 180 աստիճանով պտտվում են նաև աթոռները, նաև կարելի է թիկնակը հետ գցել և պառկել: Երևանյան Dine Sky-ը մյուս երկրներում գործող նմանատիպ ռեստորաններից երեք անգամ էժան է լինելու: