Մենք այլևս ՌԴ-ի վասալը չենք. ինչու պետք է վախենանք. նրանք վաղուց են մտածում՝ ինչ անեն՝ մեզ կործանեն

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը Դավոսում «Խաղաղության խորհրդի» նիստին Հայաստանի մասնակցությունը շատ կարևոր է համարում:

«Պետք է սրա համար ուրախանալ, ոչ թե սկսել՝ Նիկոլ Փաշինյանը աջ ձեռքով ստորագրեց, ձախ ձեռքով ստորագրեց․ մանկամտություն է»,- ասում է նա:

Մեկնաբանելով ՌԴ արտաքին քաղաքականության երկարամյա գլուխ Սերգեյ Լավրովի և կրեմլյան խոսափող Սոլովյովի հայտարարությունները՝ ուղղված Հայաստանին և հայ ժողովրդին, վերջինս նկատում է. «Նրանք վաղուց են այդ մասին խոսում, ինչո՞ւ նոր հասկացանք, թե ինչ են ասում: Իրականում Ռուսաստանը մտածում է՝ ինչ անի, որ մեզ կործանի: Կենթարկվես Բելառուսի պես՝ լավ է, չէ՝ կճնշեմ: Ռուսաստանի նպատակը յուրաքանչյուրին վախեցնելն է: Ինչո՞ւ մենք պետք է վախենանք մեր երկրում ապրելուց, որոշումներ ընդունելուց, ինչ է թե Լավրովը պետք է զայրանա, է զայրանում է, թող զայրանա: Մենք այլևս Ռուսաստանի վասալը չենք և դրա համար քայլեր ենք անում»:

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի կողմնակիցների գրանցած կուսակցությանը, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան», Անահիտ Ադամյանն ասում է. «Որոշակի զանգված գերադասում է հավատալ ստին, որ իրեն խաբեն, մոլորեցնեն, ՀՀ-ի ճակատագրի հետ խաղան, ասում են՝ մեզ ինչ, կարևորը լավ ապրենք: Ինչպես Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք էին ճնշում, առնում, նույն քաղաքականությունը վարում է «Մեր ձևով»-ը: Քոչարյանի հայտնի նկարը ոչ մեկը չի մոռացել, երբ ասում էր «դեպի ուժեղ Հայաստան», սա էլ «մեր ձևով», նոր ձևով ու հին ձևովը»:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը հույս է հայտնում, որ քաղաքացիները չեն ընտրի ուժերին, որոնց մայրաքաղաքը Մոսկվան է:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ