![]()
Գլխավոր դատախազությունը նախօրեին հայտարարեց, որ միայն Գլխավոր դատախազության ՏՆՏԵՍԱԿԱՆ գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով 80 միլիոն ԱՄՆ դոլար վնասի վերականգնում է արձանագրվել 2025 թվականի ընթացքում: Կրկնում ենք՝ վերականգնումը վերաբերում է բացառապես ՏՆՏԵՍԱԿԱՆ գործունեության դեմ ուղղված հանցագործություններին:
«Չորրորդ իշխանություն»-ը, մեղմ ասած, անուշադրության կամ դիտավորության արդյունքում, «Գլխավոր դատախազը «սխալ հանեց» Նիկոլ Փաշինյանին» խորագրով հոդված է հրապարակել՝ նշելով. «Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ 2025 թվականի ընթացքում վերականգնվել է պետությանը հասցված մոտ 80 մլն դոլարի վնաս։ Պարզ ասած՝ տարվա ընթացքում հենց այդքան «թալան է վերադարձվել բյուջե»:
Հոդվածագիրը, եթե հետևեր մամուլում առկա բազմաթիվ հրապարակումներին, ապա տեղեկացված կլիներ նաև, որ 2025 թվականի ընթացքում, միայն Դատախազության բացառիկ լիազորությունների շրջանակներում՝ (պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորություն, դատախազական ներգործություն) պետությանը կամ համայնքին է վերադարձվել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ:
![]()