«Հայաստանը մենք ենք» Հնդկաստանից կառավարվող էջը տարածում է թուրք-ադրբեջանական նարատիվներ․ Fip

«Հայաստանը մենք ենք» անվանումով ֆեյսբուքյան էջը վերջին էմոցիոնալ գրառմամբ հայալեզու լսարանի շրջանում լայն արձագանք և անհանգստություն է առաջացրել։

Այս մասին գրել է Fip.am-ը՝ անդրադառնալով էջում առկա հրապարակումներին։

Հայերին թիրախավորող ֆեյսբուքյան էջով տարածվող գրառումը հանդես է գալիս Թուրքիայի դիրքերից, առաջարկում է «վերանայել ապրիլի 24-ի կարգավիճակը», դադարեցնել Ծիծեռնակաբերդ ուղղվող երթերը, քանի որ «դրանք օտարացնում են Թուրքիային»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս ֆեյսբուքյան էջը և պարզել, որ այն ստեղծվել է 2025 թվականի նոյեմբերին, ունի երեք գրառում և երեք լուսանկար, որոնցից երկուսում սիմվոլիկ քարտեզի վրա եռագույնն է ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ էջը կառավարվում է Հնդկաստանից, և հրապարակվող գրառումները օրեր շարունակ գովազդվում են ֆեյսբուքյան տարածքում։ Այսինքն՝ էջի կառավարման աշխարհագրությունը և գովազդային ակտիվությունը վկայում են, որ այն չի հանդիսանում տեղական նախաձեռնություն, այլ նպատակային կերպով թիրախավորում է հայալեզու լսարանին։

Հունվարի 8-ին արված մեկ այլ գրառմամբ այս էջը ջատագովում է ադրբեջանցիների՝ Հայաստան, այսպես կոչված, վերադարձը և տեղի աշխատաշուկայում ներգրավելը ու ներկայացնում այն Հայաստանի կառավարության ռազմավարական ծրագիր։ Մինչդեռ Հայաստանի կառավարության որևէ ծրագրում, պաշտոնական փաստաթղթում կամ հրապարակային հայտարարությունում չկա և չի եղել աշխատաշուկան թուրքերի կամ ադրբեջանցիների համար բացելու վերաբերյալ հիշատակում։ Նման քաղաքականության մասին չեն խոսել նաև պատասխանատու պաշտոնյաներ։

Հատկանշական է, որ այս էջը ունի ընդամենը 12 հետևորդ, բոլոր գրառումներում հայերենի շարադրանքի հետ խնդիր կա, որը բնորոշ է օտար երկրներից կառավարվող էջերին։ Դրանք, այդուհանդերձ, ունեն տարածում։ Նույնիսկ գտնվել են օգտատերեր, որոնք տրվել են մանիպուլյատիվ բովանդակությանը և ընդունել գրվածը որպես կենտրոնական իշխանության կողմից իրականացվող քաղաքականության մաս։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ