Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

«Դիտորդական առաքելություններն ընտրական գործընթացում ներգրավվում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնց հիմնական առաքելությունն է ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ և անաչառ գնահատումը: Նրանց հիմնական նպատակն է նպաստել ընտրությունների օրինականության և վստահելիության ապահովմանը: Այդ նպատակի իրագործումը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ դիտորդական առաքելությունները և դիտորդները գործում են քաղաքականապես չեզոք ու անաչառ»:

Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պատգամավորների նախաձեռնությամբ հունվարի 23-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում, երբ ներկայացնում էր իր և նույն խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի ու Լիլիթ Մինասյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողի խոսքով՝ այդ առաքելության իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դիտորդները պահպանում են քաղաքական չեզոքություն և զերծ են մնում ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից, որը կարող է ընկալվել որպես աջակցություն կամ ընդդիմություն որևէ քաղաքական ուժի, թեկնածուի կամ քաղաքական դիրքորոշման նկատմամբ:

Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է ընտրությունների ոլորտում մասնագիտացած միջազգային կառույցների չափանիշներին, ներկայացրել նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Ըստ նախաձեռնության հեղինակների՝ ՀՀ օրենսդրությունը բավարար մեխանիզմներ չի սահմանում դիտորդական առաքելությունների և դրանցում ներգրավված դիտորդների քաղաքական չեզոքության ու անկողմնակալության պարտականության կատարման ապահովման համար, ինչի պատճառով էլ մշակվել է նախագիծը:

Նախագիծը մասնավորապես հստակեցնում է, թե ինչ չափանիշների պետք է բավարարի Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն ստանալու համար: Նախագծում նաև ընդգծվում է դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների և հիմնադրամների գործունեության թափանցիկության, այդ թվում՝ ֆինանսական թափանցիկության անհրաժեշտությունը՝ ելնելով այն տրամաբանությունից, որ ընտրությունների թափանցիկության ապահովման նպատակ ունեցող սուբյեկտները նույնպես պետք է թափանցիկ և հաշվետվողական լինեն հանրության առաջ:

Նախաձեռնությամբ նաև հստակեցվում է հավատարմագրման դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը, տարանջատվում են ՀՀ-ում գրանցված ՀԿ-ների կողմից հավատարմագրվող ՀՀ քաղաքացիություն ունեցող և ՀՀ քաղաքացիություն չունեցող դիտորդների հավատարմագրման համար օրենքով սահմանված ժամկետները: Մասնավորապես սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող դիտորդների հավատարմագրման համար դիմում կարող է ներկայացվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ:

Հստակեցվում են նաև դիտորդական առաքելության հավատարմագրման դիմումի մերժման հիմքերը, ինչպես նաև դիտորդական առաքելության, դրանցում ներգրավված դիտորդների հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչվելու հիմքերը:

Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ներկայացրել է Կառավարության կարծիքը՝ նշելով, որ նախաձեռնությունը միտված է դիտորդական առաքելությունների գործունեության անկողմնակալության և անաչառության ապահովմանը, և Կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի նախագծի վերաբերյալ:

Նախագիծը քննարկվել է և 66 կողմ, 2 դեմ ձայներով ընդունվել երկրորդ ընթերցմամբ: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է, կատարվել է մեկ փոփոխություն:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ