Գալստանյանի ակցիայի մասնակիցները ԱԳՆ շենքի դիմաց ծխարձակող առարկաներ են նետել․ արդարացման ակտը բեկանվել է

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երեք մասնակցի կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ արդարացման դատական ակտը Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է. դատախազության վերաքննիչ բողոքը բավարարվել է։

«Վազգեն Գալստանյանի կողմից կազմակերպված և ղեկավարվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, մի խումբ անձինք, անտեսելով Ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջ-հորդորները, ի թիվս հասարակական կարգը խախտող այլ արարքների, շիշ և տարբեր առարկաներ են նետել ծառայություն իրականացնող Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների և Արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:

Խուլիգանական գործողությունների ընթացքում Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը և Մեսրոպ Եսայանը ծխարձակող առարկաներ են նետել Ոստիկանության ծառայողների ուղղությամբ:

Դատախազը Գագիկ Համբարձումյանի, Ժորա Ավետիսյանի և Մեսրոպ Եսայանի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն):

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2025 թվականի մայիսի 27-ի դատավճռով ճանաչել և հռչակել էր մեղադրյալներ Գագիկ Համբարձումյանի, Ժորա Ավետիսյանի և Մեսրոպ Եսայանի անմեղությունը ներկայացված մեղադրանքում:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2025 թվականի մայիսի 27-ի դատավճռի դեմ դատախազի կողմից բերվել էր վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ քրեական դատարանի 2025 թվականի հունվարի 22-ի որոշմամբ բավարարվել է. քրեական գործն ուղարկվել է Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ