![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այն համոզմանն է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով զբաղված Վարդան Օսկանյանի մասին խոսելու շատ բան չկա, քանի որ նրա քաղաքական և աշխատանքային կենսագրության դրվագները «ողորմելիության» վառ ապացույց են:
«Երբ գնում էր Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին բանակցելու, էդ ժամանակ չէր գիտակցում սեփական ողորմելիության ողջ պերճանքն ու թշվառությունը»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է Կոնջորյանը՝ արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, որ Օսկանյանը TRIPP-ը որակում է ոչ այնքան կարևոր նախագիծ:
Հավելելով իշխող ուժի անդամն ասում է. «Ինչո՞ւ են «խաչակրաց արշավանք» սկսել TRIPP-ի դեմ, քանի որ նրանց երազանքը չի իրականացել, որ ՀՀ-ն միջանցք տար: Ուզում էին լուծարել Հայաստանի ինքնիշխանությունը»:
Զրուցակիցը, սակայն, համոզմունք ունի՝ հրապարակային քննադատությունների մյուս կողմում այն է, որ ընդդիմադիրները արդեն բիզնես ծրագրեր են մշակում, որ TRIPP-ի գործարկման պարագայում մի երկու կոպեկ ավել փող աշխատեն:
Հայկ Կոնջորյանը վստահեցնում է՝ TRIPP-ը հայ ժողովրդին բարեկեցություն է բերելու՝ միաժամանակ նկատելով, որ դա հակադրվում է «պատերազմի մունետիկների» շահերին:
«Ընդդիմության ռազմավարությունը հետևյալն է՝ որքան վատ Հայաստանի համար, այնքան լավ իրենց համար: Հիմա որ լավ պրոցեսներ են լինում, դրա համար տխուր և դժբախտ են: Մարդիկ ընտրում են կյանքը, իսկ ընդդիմությունը ընտրում է մահը, պատերազմի մունետիկներ են, բայց չենք թողնելու, որ իրենց ծլվլոցը շատ բան փոխի մեր իրականության մեջ»:
Անդրադառնալով Հայաստանի կառավարման ղեկին ձգտող Կարապետյանների այն հայտարարություններին, թե իրենց վարչապետը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու, օրենսդիր մարմնի ներկայացուցիչն ասում է. «Նրանք ՀՀ ինքնիշխանության դեմ քաղաքական դիվերսիա են անում, կառավարվելու են ստվերային ուղղություններից: Ով փողը տա Կարապետյաններին, նրանց էլ լինելու են պարտական: Եթե էդքան ազնիվ էին, ՀԷՑ-ը թող չթողնեին թշվառ վիճակում: Բոլորս էլ գիտենք, թե ովքեր են Կարապետյանները: Ժողովուրդը նրանց համար ընդամենը շահագործման օբյեկտ է»:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը նաև նկատում է. «Մարդիկ կարող են էժան բենզինը լցնել իրենց մեքենաները և Ա կետից գնալ Բ կետ, իսկ Կարապետյանների էժան պոպուլիզմը չեն կարող»:
Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) հրաժարականը պահանջելու գործընթացի ընթացքին, Կոնջորյանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չունի կաթողիկոս. Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) ապօրինի է զբաղեցնում գահը, և հենց այդ պատճառով էլ Եպիսկոպոսաց ժողովը տեղափոխում են այլ երկիր՝ հաշվի առնելով նաև այն, որ նրան կառավարում են դրսի ուժերը:
«2021 թվականի ընտրություններից հետո Կտրիճ Ներսիսյանը պիտի գետինը մտներ, վեղարը գցեր ու հեռանար, պահանջում էր վարչապետի հրաժարականը, բայց ժողովուրդը ապտակ տվեց՝ ասելով՝ քո խոսքը զրո արժե»,- ընդգծում է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()