Կրիմինալ աշխարհի հետ են համագործակցում. վախեր ունի, դրա համար է Եպիսկոպոսաց ժողովն այլ երկրում անում

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի համար տարակուսելի և կասկածելի է, թե ինչու են որոշել Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում:

Տեր Արամը, սակայն, միաժամանակ ասում է. «Ուսումնասիրելով հասկացել ենք, որ այդ քաղաքը ընդունում է բոլորին, այդ թվում՝ լրտեսության համար կասկածվողներին: Հաշվի առնելով, որ Գարեգին Ներսիսյանի եղբորը՝ Եզրաս Ներսիսյանին, Ուկրաինայի կառավարությունը հետախուզում է, երևի վախեր են ունեցել Հայաստան գալու համար: Մեկ այլ դիտավորություն էլ կա, որ չեն ուզում Եզրաս Ներսիսյանը մասնակցի այդ ժողովին»:

Հոգևորականը տեղեկություններ ունի, որ համագործակցություն կա կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ, և այդ միջոցով փորձելու են ճնշել եպիսկոպոսներին. «Ժողովն ավելի շատ քաղաքական է լինելու, քան հոգևոր, այսինքն՝ փորձելու են հասկանալ՝ Գարեգին Ներսիսյանի մնալու հետ կապված հետագա գործողություններն ինչպիսին պետք է լինեն»:

Հոգևոր հայրը միաժամանակ վերահաստատում է, որ եկեղեցու Բարենորոգման շարժումը արդեն սկսված է, և այն ոչ մեկը չի կարող կասեցնել, պիտի հասնի իր ավարտին. «26 տարի է՝ եկեղեցին քաղաքականության մեջ է, քաղաքականությունն էլ՝ եկեղեցու մեջ: Գարեգին Ներսիսյանը դարձել է քաղաքական գործիչ: Պատարագը տևում է ժամ ու կես, 40 րոպե խոսում են քաղաքականությունից, ոչ թե Քրիստոսից»:

Տերը Արամը ուշագրավ հայտարարություն է անում՝ ասելով. «Զինվորների հուղարկավորություններին շատ մոմ էր վաճառվում, երբ մոմը վերջանում էր եկեղեցու մարդաշատության պատճառով, հիշում եմ մարդկանց ուրախությունը, մեծ արագությամբ մոմերով բարձած մեքենաները հետևի մուտքով մտցնում էին եկեղեցու տարածք: Այս մարդիկ վախենում են անկախությունից, ուզում են լինել ստրուկներ: Գարեգին Ներսիսյանին հեռացնելով՝ ուզում ենք եկեղեցուց հեռացնել ստրկությունը»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ