Հայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով. ԱԳՆ

Հայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ արձագանքելով քննարկումներին, թե Խաղաղության խորհրդին անդամակցելու համար անհրաժեշտ է 1 միլիարդ դոլար անդամավճար վճարել։

«Ի պատասխան ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով։ Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում»,- ասել է Բադալյանը։

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Դավոսում «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը մասնակցել և այն ստորագրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ