Նրանք աշխատում են ընտրողի էմոցիան գողանալ, իսկ թե ով է այդ մեկ դրամանոց որսորդը, որը պետք է մեզ պահի՝ դժվար է կռահել. Սաֆարյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին

«Իրենց արածը չափազանց էժան պոպուլիզմ է: Այնպես չէ, որ նրանք կառավարմանն անհաղորդ են եղել և չէին կարող այդ ամենն իրականացնել շատ ավելի վաղ, քան հիմա են խոսում, կամ նույն բիզնեսի կտրվածքով, ունեցել են բավականին լայն հնարավորություններ աշխատատեղեր ստեղծելու, բայց բոլոր դեպքերում հիմա ակնհայտ է, որ աշխատում են ընտրողի էմոցիան գողանալ, գտնել խնդիրներ, որոնք իրենց կարծիքով հրապուրիչ կարող են լինել, ինչպես օրինակ՝ փոքր բիզնեսին հարկերից ազատելը, 300 հազար աշխատատեղ ստեղծելը և գագաթնակետն իհարկե, մեկ դրամով վարչապետ աշխատելը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարություններին՝ ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ այդ ընտանիքը երբևիցե չի ապացուցել, որ կարող է անվճար աշխատել. «Պետական համակարգում ձրի աշխատելն ուղղակի խոստովանություն է, որ մենք լուրջ չեք վերաբերվում պետությանը: Դրանից քեզ որևէ բան չի մոտիվացնում ավելի մեծ արդյունք ստանալու, հակառակը՝ ձրի աշխատող մարդը խուսափում է լավ աշխատելուց, ձրի աշխատելն ամենևին լավ օրինակ չէ: Երբ լսում եմ նման պոպուլիստական հայտարարություն՝ փշաքաղվում եմ, ասում եմ՝ այս մադրիկ իսկապես իսպառ պետականության վրա թքած ունեն, կամ պետականության մասին չեն մտածում, որովհետև նման լուծում չի կարող լինել: Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը պետք է նորմալ վարձատրվի, որպեսզի նաև պահանջի նորմալ աշխատաք»:

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի հնարավոր թեկնածուին՝ Սաֆարյանը նշեց. «Սամվել Կարապետյանի թեկնածությունը բացառում եմ, դա միայն մի դեպքում կարող է տեղի ունենալ, եթե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի նման գտնվի մի ժեկի պետ, որ կտա կեղծ տեղեկանք և գրանցումը խնդիրներ չի առաջացնի, բայց մտածում եմ, նման բան չի լինի բարեբախտաբար: Շրջանառվում է Կարեն Կարապետյանի անունը, բայց նա էլ շատ թույլ տարբերակ է: Նա երկու անգամ շռնդալից մուտք է գործել Հայաստանի քաղաքական համակարգ և երբ պաշտոնից զրկվել է, գնացել է խոպան: Սա բավականին վատ ասոցիացիաներ է բերում իր պետականության նկատմամբ վերաբերմունքով, որ եթե ես այստեղ գործ չունեմ, ուրեմն իմ գործը պետք է լինի ոչ այս երկրին ծառայելը: Կարծես Նարեկ Կարապետյանը հայտարարել է նախկին իշխանությունների հետ չմիավորվելու մասին, որը բացառում է նաև Ռոբերտ Քոչարյանի տարբերակը, հիմա թե ով է այդ մեկ դրամանոց որսորդը, ինչպես իրենք են ձևակերպում, որը պետք է գնա այլ տեղերում որս անի և գա մեզ պահի՝ դժվար է կռահել»:

Ինչ վերաբերում է արցախցիների համար թաղամաս հիմնելու Կարապետյանի հայտարարությանը՝ քաղաքագետն ասաց. «Նրանց օրակարգում Արցախի հարց չկա, նրանց օրակարգում արցախցիների վերադարձի խնդիր չկա, ինչի մասին նախկինում փորձում էին խորամանկորեն խոսել: Նրանք այսօր հասկանում են, որ արցախցիների վերադարձի իրավունքի խնդիր չեն կարող դնել, հետևաբար խնդիրը բերել և հանգեցրել են նրան, ինչին ես կասկածում էի՝ ուղղակի տուն տալ: Նրանք արցախցիների մի հատվածի ցանկություների վրա են կառուցել պոպուլիզմը, որոնք ուզում են ապրել Երևանին մոտիկ, բայց ոչ հեռավոր մարզերում: Նրանք ասում են Երևանին մոտիկ ինչ-որ մի շրջան կդատարկեն, չգիտեմ՝ որն են դատարկելու՝ Մասիսը՞, Եղվարդը՞: Արցախցիների մի զգալի մասը դեռևս ամիսներ առաջ մտածում էր, որ կհայտնվի մի ուժ, որը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգ կբերի արցախցիների վերադարձի հարցը, հիմա նրանց մոտ կա նաև հիասթափություն»:

Սաֆարյանն ընդգծեց, որ անկախ վարկանիշային վայրվերումներից՝ բոլոր հարցումները ցույց են տվել այն ահռելի տարբերությունը, որն առկա է ՔՊ-ի և նրա մրցակիցների միջև. «Զուտ հարաբերական մեծամասնություն ստանալու առումով չեմ կարծում, որ ՔՊ-ն խնդիր ունի: Դա գիտակցում են նաև ընդդիմադիր շրջանակները, դրա համար պատահական չէ, որ նրանք հույսը դրել են կա՛մ մինչև ընտրությունները նախընտրական դաշինքով, կա՛մ ընտրություններից հետո հետընտրական դաշինքով Գյումրի 2 օպերացիա ստանալ, այսինքն՝ իշխանությունը վերցնել ոչ թե ստանալով բացարձակ մեծամասնություն, այլ ընտրական օրենսգրքի աճպարարություններով շեմը հաղթահարած խմբակցությունների կոնսոլիդացիայով վերցնել իշխանությունը: Տեսանելի է, որ նրանց ամբողջ հույսը դա է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ